07.09.2012 20:55

Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարող է նվաճել անհասանելի թվացող բարձունքներ. Բակո Սահակյան

Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարող է նվաճել անհասանելի թվացող բարձունքներ. Բակո Սահակյան

Քիչ առաջ Ստեփանակերտում ավարտվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը: Երդման արարողությունից հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով:
Ինչպես արդեն տեղեկացրել էր iLur.am-ը, երդմնակալության արարողությունից հետո Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը:

Ստորեւ iLur.am-ը ներկայացնում է Բակո Սահակյանի ելույթն ամբողջությամբ:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Գերաշնորհ Սրբազան հայրեր,
Հարգարժան նախագահ Ղուկասյան,
Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի հյուրեր,

Ստանձնելով Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը` ես քաջ գիտակցում եմ, թե ինչ հսկայական պատասխանատվություն եմ վերցնում, պատասխանատվություն` հայրենի երկրի, հարազատ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ես պատրաստ եմ ու հաստատակամ` կյանքի կոչելու իմ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, Արցախը առաջ տանելու կայուն եւ համակողմանի զարգացման ճանապարհով:
Կշարունակեմ ծառայել մեր հայրենիքի հետագա զորացման ու բարգավաճման գործին, անել հնարավորը, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու ապահով:
Հինգ տարի առաջ` սեպտեմբերի 7-ին, առաջին անգամ ստանձնեցի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը եւ ձեզ հետ միասին ձեռնամուխ եղա երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով, բոլոր քաղաքական ուժերի ներգրավմամբ, Հայաստանի եւ Սփյուռքի մշտական աջակցությամբ մեզ հաջողվեց լուծել բազում խնդիրներ, իրականացնել տարբեր ծրագրեր` ուղղված Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսության համաչափ զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը: Վերջին հինգ տարիներին կատարվել է զգալի աշխատանք, ձեռքբերումները շոշափելի են եւ ակնառու: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս ամենում մեծ է մեր բոլոր քաղաքացիների, ձեզնից յուրաքանչյուրի ներդրումն ու անձնական ավանդը:
Ես շահագրգռված եմ իմ հետագա աշխատանքում հաշվի առնել բոլոր կարծիքներն ու տեսակետները, ուսումնասիրել ու քննարկել ներկայացված առաջարկությունները: Կոչ եմ անում շարունակել սկսածը, շարունակել նոր ոգով ու եռանդով, հույսով ու հավատով, համոզված, որ մեր հաջողությունը մեր ձեռքերում է, եւ որ անպայման կհասնենք ցանկալի արդյունքի:
Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարող է նվաճել անհասանելի թվացող բարձունքներ` իր անկոտրում կամքի ու անսասան ոգու, խոր իմաստնության ու բազկի ուժի, միասնականության ու համախմբվածության շնորհիվ: Դրա վկայությունը մեր այսօրվա վերածնված Արցախն
է: Փորձությունների միջով անցած ու անդառնալի կորուստներ կրած եւ այժմ հաղթական կեցվածքով իր պապերի հողը շենացնող, հայրենի օջախը վառ պահող արցախցին պետք է ապրի արժանավայել կյանքով:
Հանուն այդ նպատակի են իրենց կյանքը զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: Հանուն այդ նպատակի ենք մենք այսօր պայքարում, մշակում եւ իրականացնում կենսական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրեր:
Մենք պարտավոր ենք կառուցել ժողովրդավարական պետություն, որի հիմքում կլինեն մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերն ու համազգային ձգտումները, փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ:
Մեր ազգի հարստությունը` դա ամենից առաջ նրա մտավոր ներուժն է, հասուն ու գործունյա մարդիկ, կիրթ ու բազմակողմանի զարգացած երիտասարդները: Եվ մենք պարտավոր ենք զարգացնել տնտեսությունը, ստեղծել անհրաժեշտ ու հավասար պայմաններ, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր անհատ կարողանա լիարժեք դրսեւորել իր ունակություններն ու կարողությունները:
Պարտավոր ենք հոգ տանել զոհված ազատամարտիկների ընտանիքների, արցախյան պատերազմի հաշմանդամների, մեր բնակչության սոցիալապես անապահով խավերի մասին:
Պարտավոր ենք ամրապնդել Արցախի Հանրապետության ազատությունն ու անկախությունը, օրեցօր հզորացնել նրա անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող պաշտպանության բանակը: Հայոց բանակը մեր պարծանքն ու հպարտությունն է, մեր հաղթական ոգու լավագույն վկայությունը: Մենք ասել ենք եւ կրկնում ենք, որ կտրականապես դեմ ենք պատերազմին, որ հակամարտության լուծումը տեսնում ենք միայն խաղաղ կարգավորման ճանապարհով, քաղաքակիրթ երկխոսության միջոցով` Արցախի Հանրապետության` որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ: Միաժամանակ, մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ մեր անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են, եւ նրանց
սպառնացող ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան:

Թանկագին բարեկամներ, Մենք պարտավոր ենք ունենալ հզոր ու զարգացող հայրենիք, որը յուրաքանչյուր հայի հպարտությունն է, երկիր, որտեղ ապրելն ու արարելը պատիվ է յուրաքանչյուր քաղաքացու համար: Ես ավելի քան վստահ եմ, որ մենք կկարողանանք իրականացնել համազգային նպատակներն ու ձգտումները, կկարողանանք, քանի որ արդեն երկու տասնամյակ է, ինչ համախմբված ու արժանապատվորեն կառուցում ենք մեր հարազատ Արցախը: Եվ կշարունակենք կառուցել, կառուցել միասին` հանուն մեր ժողովրդի եւ նրա հուսալի ապագայի:

Շնորհակալություն: