07.03.2013 21:58

Բեռլուսկոնին «քաշեց» Միքայել Մինասյանին

Բեռլուսկոնին «քաշեց» Միքայել Մինասյանին


Մամուլում համառ տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է «աքսորել» իր փեսա Միքայել Մինասյանին՝ Վատիկանում ՀՀ դեսպան նշանակելու միջոցով: Նշենք, որ կառավարությունն այսօր արդեն հաստատել է Վատիկանում ՀՀ դեսպանատուն բացելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջնորդությունը, որի համաձայնությունը Սերժ Սարգսյանը տվել էր փետրվարի 19-ին՝ ընտրությունների հաջորդ իսկ օրը: Դեսպանատունը, ըստ նախագծի, տեղակայված է լինելու Հռոմում, չնայած այն բանին, որ մինչ այս պահը Վատիկանում համատեղության կարգով Հայաստանի դեսպանն է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: (Այդ պաշտոնում նշանակվել է 2012 թվականի փետրվարի 20-ին): Բացի դա, հիշեցնենք, որ Հռոմում է տեղակայված նաեւ Իտալիայում ՀՀ դեսպանատունը: Առայժմ պարզ չէ, թե ինչ տարածքում է տեղակայվելու Վատիկանում ՀՀ նոր ստեղծվելիք դեսպանատունը՝ Իտալիայում ՀՀ դեսպանատան տարածքո՞ւմ, թե՞ նոր տարածք է ձեռք բերվելու, կամ վարձակալվելու: Ըստ Ֆիննախի եզրակացության, Վատիկանում ՀՀ դեսպանության դիվանագետի ֆինանսավորումը կիրականացվի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերի տնտեսումների հաշվին, իսկ 2013թ.-ի բյուջեում դեսպանությունների պահպանում ծրագրով ավելացումներ չի նախատեսվում, եւ «ենթադրվում է անհրաժեշտ գումարները կառաջանան այդ ծրագրով առաջացած տնտեսումներից»: Եթե Ֆիննախի եզարակացության մեջ սխալներ չեն սպրդնել, նշանակում է, որ ունենալու ենք դեսպանատուն մեկ դիվանագետով: Եվ այդ մեկ դինավագետն էլ, ըստ լուրերի, հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է լինելու: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ի վերջո այդ ինչը՞ այնպես չի արել Մինասյանը, որ Սարգսյանը որոշել է փաստացի «աքսորի» ուղարկել նրան: Կյանք է՝ ամեն բան կպատահի: Հնարավոր է, Սարգսյանին դուր չի եկել փեսայի աշխատանքը ընտրությունների ժամանակ, հնարավոր է՝ փեսան աներոջ մեջքի հետեւում ինչ-ինչ ծրագրեր է փորձել իրականացնել, հնարավոր է՝ Սարգսյանը Մինասյանին պարզապես ուղարկում է արտասահման՝ վերջինից ուշադրությունը շեղելու համար, մինչեւ որ ամեն ինչ կխաղաղվի: Բայց այն, որ Մինասյանը կարող է դառնալ Վատիկանում ՀՀ դեսպանը, արդեն իսկ ուշագրավ է: Ի՞նչ պետք է անի Մինասյանը Վատիկանում, ի՞նչ հարաբերություններ պետք է զարգացնի կամ խորացնի: Կա պաշտոնական հիմնավորում, այն է. «Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացումը կարևորվում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգևոր, այլև՝ քաղաքական ազդեցությամբ։ Հատկանշական է, որ Սուրբ Աթոռը հանդիսանում է մշտական դիտորդ ՄԱԿ-ում և ԵԽ-ում, ինչպես նաև անդամակցում է ԵԱՀԿ-ին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։ Սուրբ Աթոռում դեսպանության հիմնումը կարևորվում է նրանով, որ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր լիցք կստանան և կբարձրանան որակական նոր մակարդակի։ Դեսպանության հիմնումը առավել համակարգված և ուղղորդված կդարձնի երկկողմ աշխատանքները, ինչպես նաև կարող է նպաստել աշխարհում հայկական մշակութային աժեքների պահպանության գործում Սուրբ Աթոռի մասնակցության ակտիվացմանը»։ 

Բայց դե սա, փաստենք, Միքայել Մինասյանի պարագայում այնքան էլ համոզիչ փաստարկ չի կարելի դիտարկել: Գուցե՝ Սերժ Սարգսյանը որոշել է փեսային ուղարկել Իտալիա՝ եւս մեկ անգամ իտալական մաֆիայի փորձին մոտիկից ծանոթանալու համար: Գուցե Հռոմի պապի ընտրությունները կեղծելու հարցո՞վ: Չի բացառվում նաեւ, որ Սարգսյանը փեսային ուղարկում է Իտալիա՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ՝ պրակտիկա անցնելու համար. ասենք լրատվական դաշտը մոնոպոլիզացնելու, փողերի լվացման, կոռուպցիայի, մաֆիայի հետ կապեր ունենալու, այլ քաղաքական գործիչների մասնավոր զրույցները ծածուկ ձայնագր տալու եւ ապա ձայնագրությունը հրապարակելու հարցում: Ի վերջո, նման փորձի խորացումը թե Մինասյանին, եւ թե Սարգսյանին հաստատ չի խանգարի: Սակայն, այստեղ մի խնդիր կա: Մինչ Սերժ Սարգսյանը ափալ-թափալ իրականություն է դարձնում Մինասյանին դեսպան նշանակելու հարցը, Իտալիայում աննպաստ զարգացումներ են տեղի ունենում: Այսօր Իտալիայից մի «գույժ» եկավ՝ «Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին դատապարտվել  մեկ տարվա ազատազրկման իր քաղաքական ընդդիմախոս եւ Unipol ապահովագրական ընկերության ղեկավարի հետ մասնավոր զրույցը հրապարակելու մեղադրանքով»: Փաստորեն, դեռ չի հասցրել Մինասյանը մեկնել Իտալիա, իսկ Բեռլուսկոնին արդեն «քաշեց» Միքայել Մինասյանին: Ճիշտ է, նա դեռ ազատության մեջ է, եւ դեռ կբողոքարկի այդ վճիռը, սակայն, չի բացառվում նաեւ, որ հազիվ թե կարողանա փորձը փոխանակել Մինասյանին:


Պարգեւ Ապրեսյան