07.09.2012 21:38

Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական հետապնդումները. Լևոն Զուրաբյան

Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական հետապնդումները. Լևոն Զուրաբյան

«Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնությունը ՀՀ Դատախազության շենքի մոտ այսօր, սեպտեմբերի 7-ին, կազմակերպել էր հերթական ուրբաթօրյա պիկետ, որի նպատակն է ազատ արձակել Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին:  

Ակցիային ներկա էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որը ելույթ ունենալով պիկետի մասնակիցներին ուղղված ելույթում դատապարտեց  քաղաքական ակտիվիստների նկատմամբ հետապնդումը: 

«Այսօրվա իշխանությունները արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար, ազգի միասնականության ու համախմբվածության համար պարտավոր էին դադարեցնել քաղաքական ակտիվիստների նկատմամբ հետապնդումը: Իսկ, ահա, ՀԱԿ-ը, լինելով հակադրության մեջ այս իշխանության հետ, վեր դասելով ազգային ու պետական շահերը, միացել է մի նախաձեռնության, որը կազմակերպել էին իշխանությունները ԱԺ արտահերթ նիստում Սաֆարովի արտահանձումը դատապարտող հայտարարության տեսքով: Պատճառը՝ մեր պետական մտածողության ուժ լինելն է, իսկ արդյոք իշխանությունների մասին նույնը կարելի՞ է ասել»,- իր ելույթում շեշտել է նա:

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը իր ելույթում ներկայացրել է նախաձեռնության պահանջները, որոնք են.
• Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին,
• Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,
• պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիականության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց:

Հիշեցնենք՝ յոթ երիտասարդները 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախում էին ունեցել, որի հետևանքով էլ բերման ենթարկվել և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: 

Պարբերաբար կազմակերպվող ակցիայի նպատակն է ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և մյուս երեք երիտասարդներին, որոնց  հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակված ՀԱԿ ակտիվիստների դատավճռի դատապարտեցին 2-ից 6 տարի ժամկետով: