11.03.2013 17:59

Բարի եղեք, թույլ տվեք` իմ «նախանձի» թավայում տապակվեմ

Բարի եղեք, թույլ տվեք` իմ «նախանձի» թավայում տապակվեմ

Մեր էս բազմաչարչար ֆեյսբուքում մի հարգարժան մարդ շատ զգայացունց մեղադրանք էր հղել նրանց, ովքեր այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չեն: Որակումներն էլ ահագին կոշտ են` նախանձ, նողկալի եւ այլն: Մեր էս բազմաչարչար ֆեյսբուքում առավել կոշտ որակումների կարելի է հանդիպել, բայց ամեն մեկը չէ, որ արժանի է պատասխանի: Այս հարգարժան մարդն արժանի է, որովհետեւ, արդեն ասացի` հարգարժան մարդ է:

Էլի կրկնեմ. ես Րաֆֆիին համարում եմ ընտրված նախագահ, նույնիսկ չեմ քննարկում այս հարցը, որովհետեւ քննարկման ենթակա չէ: Ոչ ավելին:

Թե ինչու «ոչ ավելին»՝ չկրկնեմ: Գրել եմ քանիցս, ֆեյսբուքում նույնպես լռակյացներից չեմ, եւ շատերն են տեղյակ, թե ինչ եմ մտածում Րաֆֆիի, նրա ընտրած պայքարի մեթոդների ու անհասկանալի (ինձ համար) քայլերի մասին, առավել եւս՝ հացադուլի մասին` ընդհանրապես եւ մասնավորապես: «Դիակի» մասով չմանրանանք. ես հարյուրների հասնող ու անցնող հացադուլավորների ժամանակակիցն ու ականատեսն եմ (սա բանտարկյալներին չի վերաբերում), բարեբախտաբար` դեռ ոչ մեկը «դիակ» չի դարձել: Փառք Երկնավորին:

«Նողկալի»-ին չեմ անդրադառնա: Դե, մարդը նողկում է, ինքն էլ` հարգարժան մարդ է, հո չե՞ս ասի` լա՜վ էլի, մի նողկա, հարգարժան մարդ, ես ախր երբ պայքարում էի` դու իմ կողքին չէիր, բայց ես քեզանից չէի նողկում, հիմա էլ չեմ նողկում: Դառնանք «նախանձ»-ին: Եթե մեկնումեկն ասի, թե ես («ես որ ասում եմ` Արուսյակն էլ հետս է») ինչու պետք է նախանձեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, մինչեւ երկինք երախտապարտ կլինեմ իրեն: Իսկ մինչ մեկնումեկը կմտածի ու կասի, ես էլ ասեմ:

Երբեք չեմ ցանկացել Հայաստանի նախագահ դառնալ, նույնիսկ Ազգային ժողովի նախագահ չեմ ցանկացել դառնալ, ոչ էլ` վարչապետ, ոչ էլ` նախարար: Նույնիսկ բաժնի պետ չեմ ցանկացել դառնալ, անգամ` անձնագրային սեղանի պետ, դե, ԺԷԿ-ի պետի մասին՝ էլ չեմ խոսում: Ուզու՞մ եք` երդվեմ… Ըհը, երդվում եմ` Հայասդա՛ն:

Աժ պատգամավոր էլ չեմ ցանկացել դառնալ, ավագանու անդամ էլ, ծնողկոմիտեի անդամ էլ, մեր շենքի դիմացի բեսեդկայի նարդիստների անդամ էլ չեմ ցանկացել դառնալ: Հայաստանի նորագույն պատմության տարիներին մեկ-մեկ երազել եմ թերթ հիմնադրել, ինքս ընտրել իմ ցանկացած լրագրողներին, այդ թերթում ամենապատվավոր էջերը տրամադրել մշակույթին ու գրականությանը, ինչ որ տակը կմնա` քաղաքականությանը, ոչ թե մշակույթն ու գրականությունը պահել դարակում` սեւ օրվա համար` մարդ ես, եթե բան չլինի տպելու, դրանցով էջ լցնել: Դե, չստացվեց: Որովհետեւ այն ժամանակ, երբ կարող էի հզոր ընկերներիս խոստովանել երազանքիս մասին` լռեցի: Իսկ երբ արդեն չէի ուզում լռել, ընկերներս այլեւս հզոր չէին: Կարճ ասած` այս երազանքս վաղուց պատին եմ գրել: 

Մնացածը` ոնց գիտեք:

Միայն մի դեպքում էր հնարավոր, որ «նախանձ»-ից պայթեի: Եթե իմ նախընտրած Հայաստանի նախագահի թեկնածուն առաջադրվեր: Չառաջադրվեց: Ուրեմն, ինչո՞ւ պետք է նախանձեմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Իրենից ոչ մի սպասելիք չունեմ, իր ապագա  կառավարության կազմում չեմ ուզում լինել, եյ բոգու: Առհասարակ` իր կազմելիք որեւէ կազմում չեմ ուզում լինել: Ազատության հրապարակի հարթակը եւ ընդհանրապես բոլոր հարթակները հեռվից եմ սիրել, օրինակ` Թումանյանի արձանի մոտերքից: Խոսափող տեսնելիս` կես կիլոմետր հեռու եմ փախչում: Եթե հոդված եմ գրում, եւ որեւէ մեկը գովում է, չէի ասի, թե տհաճ է` հաճելի է, բայց միեւնույն է` ողնաշարս լարվածությունից տաքանում է: Ուրիշներն էլ եթե լավ հոդված են գրում, կամ` պատմվածք, կամ` բանաստեղծություն, այնքան եմ ուրախանում, կարծես` ինքս գրած լինեմ:

Կարճ ասած` «նախանձ»-ը բացառվում է, հարգարժան մարդ: Ի՞նչ մնաց:

Մի «չնչին» բան… ՀԱՎԱՏ: Չեմ հավատում Րաֆֆի Հովհաննիսյանին, հարգարժան ընկեր: Չեմ հավատում նաեւ նրա շուրջը պտտվող մի շարք «ըմբոստների»: Անարդարացի եմ, թե արդարացի` էական չէ: Չեմ հավատում: Եթե չհավատալը հանցանք է, հանգիստ խղճով նողկա` որքան ուզում ես, հարգարժան մարդ: Բայց այդպես եմ ծնվել, այդպես եմ ապրել, այդպես եմ ապրում մինչ օրս: Առանց հավատի ես ոչ մեկի հետեւից չեմ գնում («ես որ ասում եմ` Արուսյակն էլ հետս է»): Պատահե՞լ է, որ սխալվել եմ, հավատս ետ է դարձել ու ապտակել միամիտ դեմքիս: Շա՛տ է պատահել: Կասկած չունեմ, որ էլի՛ է պատահելու: Բայց ինչ կա` կա. եթե Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից է կեղծիքադուլ ու ստադուլ անում, ես ծնված օրից էդ «դուլ»-ի մեջ եմ:

Այնպես որ, ով հավատում է հացադուլավոր ՀՀ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` հաջողություն եմ մաղթում: Ով չի հավատում, բայց գնում է Րաֆֆիի հետեւից` առավել հաջողություն եմ մաղթում: Տա Աստված, որ սխալվեմ:

Իսկ առայժմ բարի եղեք` թույլ տվեք իմ «նախանձի» թավայում տապակվեմ (Արուսյակն էլ` հետս): Հո Աստված բոլորին նույն չափի մեեեե՜ծ սիրտ չի՞ տվել: Իմն էլ այսքան է` մի բուռ: Ինքն իր համար թփթփում է` մեկ դանդաղ, մեկ արագ, մեկ էլ` անկանոն: Վստահ եմ, որ Րաֆֆին այնքան ուժեղ է, այնքան անկասելի է, այնքան աներկբա է, այնքան Հայասդա՛ն է, իր շուրջն էլ այնքան մեծ սրտով, անանձնական սիրով տապակվողներ կան հավաքված, որ առանց ինձ ու Արուսյակի էլ կհաղթի էս հանցագործ իշխանություններին:

Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ:

Լիզա Ճաղարյան