11.03.2013 21:32

Լեւոն Արոնյան. Կարեւորը հաղթանակն է

Լեւոն Արոնյան. Կարեւորը հաղթանակն է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ ավարտեց եզրափակիչ, երկարատեւ ուսումնամարզական հավաքը Հայաստանում` Ջերմուկում եւ Ծաղկաձորում, եւ իր օգնականների հետ մեկնեց Լոնդոն, հայտնում է Armchess.am-ը:

Լոնդոն մեկնելուց առաջ Արոնյանը հարցազրույց է տվել Sport.News.am-ին, որտեղ խոսել է մրցաշարում իր սպասելիքներից: Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ն արդեն անցկացրել է Լոնդոնում կայանալիք մրցաշարի վիճակահանությունը։ Մարտի 15-ին մեկնարկող մրցաշարի առաջին տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, չորրորդ տուրում՝ ռուս Պյոտր Սվիդլերը, 5-րդ տուրում՝ Վլադիմիր Կրամնիկը, 6-րդ տուրում՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, իսկ առաջին շրջանի վերջին տուրում՝ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը:

Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով եւ կավարտվի ապրիլի 1-ին:

Մարտի 15-ին Լոնդոնում կմեկնարկի այս տարվա կարեւորագույն մրցաշարը` աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Պատրա՞ստ ես:

Դե միշտ էլ այս մրցաշարերից առաջ կարեւոր բաներից մեկն այն է, որ գուշակես, թե մրցակիցներն ինչպես են քեզ սպասում, ինչ նոր բաներ են ցուցադրելու։ Փորձում ես կռահել դրանք։ Իմ թիմով դրանով էինք զբաղված։ Հայաստանում նախապատրաստվեցի մրցաշարին: Դա պրոֆիլակտիկայի պես մի բան էր:  Շատ գոհ եմ արդյունքներից։ Ավելի գոհ եմ, քան երբեւէ։

Իսկ ինչպիսի՞ն է քո տրամադրվածությունը մրցաշարից առաջ։

Ես շատ ոգեւորված եմ, քանի որ կարծում եմ` գտնվում եմ կարիերայիս այն փուլում, երբ լավ խաղալն արդեն բավարար չէ։ Այժմ ձգտումս հաղթանակներ են։ Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ լավ խաղալ, բարելավել իմ ոճը, բայց այժմ ես առաջնորդվում եմ այն կարգախոսով, որ կարեւորը հաղթանակն է։

Այս տարի հավակնորդների մրցաշարի ձեւաչափն այլ է։ Եթե Կազանում գործում էր նոկաուտային տարբերակը, ապա Լոնդոնում լինելու է շրջանաձեւը։ Ո՞րն է քեզ ավելի հարմար։

Դրանք շատ տարբեր են։ Դա նման է, երբ բասկետբոլում  հինգ խաղացողով խաղում են հինգի դեմ կամ ամեն մեկը մյուսի դեմ անհատապես։ Մեկը մեկի դեմ շատ դժվար է հաղթել մրցակցին, իսկ երբ այդքան շատ շախմատիստներ են` կարեւորը չպարտվելն է։ Պետք է սպասես քո հնարավորություններին։  

Բայց այնումանեայնիվ ո՞ր մրցակարգն է քեզ  ավելի հարմար։

Դժվար է ասել։ Մենք սովոր ենք մրցաշարերին, իսկ այդ տեսակ անհատական խաղերին` ոչ այդքան։ Ավելի հետաքրքիր է խաղալ նոկաուտային, բայց չեմ կարող ասել, որ դա ինձ ավելի հոգեհարազատ է։

Կազանում դու շուտ դուրս մնացիր պայքարից, բայց ֆավորիտների ցուցակում էիր: Գուցե եթե այնտեղ էլ լիներ շրջանաձեւ մրցակարգը, ավելի հաջո՞ղ կընթանար քեզ համար ամեն բան։

Չեմ կարծում, որ ես այնտեղ ֆավորիտ էի։ Այդպիսի բարդ մրցաշարում դժվար է ինչ-որ մեկին ֆավորիտ համարել։ Կազանում ես պատրաստ չէի։ Մրցաշարի ժամանակ էլ էի դա զգում։ Իհարկե, փորձում էի ինձ հակառակում համոզել, բայց միեւնույն է` մեջս անվստահություն կար։ Զգում էի, որ այն աշխատանքը չեմ արել, որ պետք է անեի այդ կարգի մրցաշարում հաղթելու համար։ ՊատՃառը այն չէ, որ վատ էի աշխատել, այլ այն, որ ամեն բանի համար ժամանակ է անհրաժեշտ։

Ասացիր` ֆավորիտներ չկան մրցաշարում, բայց հավակնորդների  առաջիկա մրցաշարն էլ ունի ֆավորիտներ։ Առանձնացնում են Կարլսենին, քեզ եւ Կրամնիկին։

Համամիտ չեմ։ Մրցաշարում կան ութ ֆավորիտներ, եւ նրանցից յոթը միայն մրցաշարից հետո կհասկանան, որ նրանք ֆավորիտ չէին։ Այդ եզրակացությունները անում են ըստ վերջին հաջողությունների։ Բայց պետք է ավելի խորը նայել, հասկանալ, թե ինչ են արել մյուս շախմատիստներն այս ընթացքում։ Երեքի անունն ասելը հեշտ է, բայց եթե մտածես, թե ինչու Գելֆանդը ֆավորիտ չէ, ապա պարզ չէ։ Այդ մարդն աշխարհի չեմպիոնի մրցամարտ է անցկացրել Անանդի դեմ։ Հաղթել է հավակնորդների մրցաշարում։ Նա գտնվում է շախմատի համար լավագույն տարիքում։  Կարծում եմ՝ բոլոր շախմատիստներն էլ շատ լուրջ են պատրաստվել այս մրցաշարին եւ նրանցից ոչ ոք ինչ-որ առավելություն չունի։

Իսկ արդեն ամեն մրցակցի համար մարտավարություն նախապատրաստե՞լ ես, թե՞ դա լինում է մրցաշարի ժամանակ։

Ավելի շատ մրցաշարի ժամանակ ես հասկանում դա։ Քանի որ հենց այդ ժամանակ ես հասկանում` պատրաստ է արդյոք քո հակառակորդը պարտվել այս խաղում, թե ոչ, ուզում է նա ոչ ոքի անել։

Լինո՞ւմ է, որ շախմատիստը պարտվելու պատրաստակամությամբ գա պարտիային։

Այո, շատ է լինում։ Նա չգիտի դրա մասին։ Բայց դու դա տեսնում ես նրա խաղից, աչքերից, տրամադրվածությունից։

Արդեն պլանավորե՞լ ես հանգիստդ մրցաշարից հետո։

Դեռ չեմ մտածում, բայց պարզ է, որ կհանգստանամ։ Սպասում եմ այս մցաշարին։ Չգիտեմ, թե այն ինչպես կանցնի` հեշտ, թե դժվար։ Եղել է ինձ մոտ, որ պետք է գնայի սեանս տալու, կարծել եմ, որ երկու ժամում կավարտեմ, բայց շատ ավելի երկար է տեւել։ Այս մրցաշարի մասին շատերն ասում են, որ շատ բարդ է լինելու։ Բայց երբեք չգիտես` գուցե շատ այլ մրցաշարերից հեշտ լինի։

Լեւոն, մայիսին էլ ունես կաեւոր մրցաշար Նորվեգիայում։ Կհասցնե՞ս պատրաստվել։

Լոնդոնից հետո կյանքը չի ավարտվում։ Կլինեն այլ մրցաշարեր, բայց այս պահին մտածում եմ միայն հավակնորդների մրցաշարի մասին, այդ 14 պարտիաների մասին, որպեսզի հետո ոչ մի զղջում չլինի:

Կա՞ն քաղաքներ, որոնք իրենց աուրայով լրացուցիչ լիցքեր են տալիս: Ինչպիսի՞ն է այդ առումով Լոնդոնը:

Ես սիրում եմ Լոնդոնում լինել: Գեղեցիկ քաղաք է: Ընկերներ ունեմ այնտեղ: Բայց չեմ կարծում, որ քաղաքի աուրան կապ ունի շախմատի հետ: Ես ինքս իմ վրա զգացել եմ, որ ավելի լավ եմ խաղում կտրված տեղերում: Օրինակ` Վեյկ Ան Զեեն ինձ համար կարծես` շախմատային վանք լինի: Պարզ է, որ այս մրցաշարում Լոնդոնը ոչ ոք որպես գեղեցիկ քաղաք չի դիտարկի, այլ` մրցաշարի անցկացման վայր: Վեյկ Ան Զեեում մրցաշարի օրերին ամբողջ քաղաքն է ապրում շախմատով: Հուսամ, որ այս մրցաշարի պարտիաները շախմատային պատմության մեջ հետք կթողնեն: