11.03.2013 22:21

Լիոնել Մեսիի նոր պատմական ռեկորդը

Լիոնել Մեսիի նոր պատմական ռեկորդը

«Բարսելոնայի« հարձակվող Լիոնել Մեսին համաշխարհային ռեկորդ սահմանեց, Իսպանիայի առաջնությունում աչքի ընկնելով 17-րդ խաղն անընդմեջ: Սա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Իր պատմական գնդակը Մեսին խփեց Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում՝ «Դեպորտիվոյի» դարպասը: Ընդ որում, Մեսին խաղադաշտում ընդամենը 32 րոպե էր անցկացրել, բայց այդքանն էլ բավական էր խաղավարտից 2 րոպե առաջ աչքի ընկնել:

Նախկինում ազգային առաջնություններում անընդմեջ գոլ խփելու ռեկորդը պատկանում էր լեհ Թեոդոր Պյուտերկային: 1937/38 թվականներին նա աչքի է ընկել 16 խաղ անընդմեջ՝ լեհական «Ռուխի» կազմում դառնալով 22 գոլի հեղինակ:

Մեսիի ռեկորդային շարքը սկսվել է 2012թ. նոյեմբերի 11-ին՝ «Մալյորկայի» հետ խաղում: Այդ ժամանակից ի վեր նա 17 խաղում աչքի է ընկել 27 անգամ՝ մեկ խաղում միջինը խփելով 1,58 գնդակ:

Այժմ Մեսին 40 գնդակով գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցուցակը՝ զգալիորեն գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուին՝ 24 եւ Ռադամել Ֆալկաոյին՝ 21 գնդակ: