11.03.2013 23:42

Յուրա Մովսիսյան. Հեքիաթային մեկնարկ ստացվեց

Յուրա Մովսիսյան. Հեքիաթային մեկնարկ ստացվեց

Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվողը Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի՝ «Թերեքի» դեմ խաղից հետո ռուսական մարզաշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել, այսօր հանդիպել էր լրագրողների հետ, որոնք պարզապես հարցախեղդ են արել ֆուտբոլիստին:

-Ինչո՞ւ Յուրա, այլ ոչ՝ Յուրի:
-Յուրան դա հայկական անուն է, իսկ Յուրին՝ ռուսական: Այսքանը:
-Ե՞րբ ռուսերենով հարցազրույց կտաք:
-Ես Ձեզ տեղյակ կպահեմ (ժպտում է):
-Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է Ձեր հիմնական մրցակիցը ռմբարկուական մրցավազքում:
-Դժվար է ինչ-որ մեկին առանձնացնել: Բազմաթիվ գոլերի հեղինակ է դարձել «Կուբանում» հանդես եկող իմ հայրենակիցը՝ Արազ Օզբիլիսը: Մեծ ֆուտբոլիստ է Սամուել Էտո’օն:
-Իսկ ինչպե՞ս են արձագանքել քո հեթ-տրիկին քո նախկին թիմակիցները՝ «Կրասնոդարի» ֆուտբոլիստները:
-Իհարկե, նրանք շնորհավորեցին ինձ: Ուրախ էին այդ առիթով: Ինձ շնորհավորել է նաև «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին:
- Եթե գոլ խփեք «Կրասնոդարին», կտոնե՞ք:
- Առաջին հերթին, այդ գոլը դեռ պետք է խփել: Բայց եթե խփեմ… Չեմ տոնի, քանի որ «Կրասնոդարը» առանձնահատուկ ակումբ է իմ համար:
- Կրասնոդարը և Մոսկվան շատ են տարբերվո՞ւմ կենցաղի առումով:
- Մոսկվայում չափից շատ են մեքենաները: Ընդհանրապես, այստեղ շատ բարդ է ինչ-որ բան պլանավորելը:
- Մետրոյով երթևեկե՞լ եք:
- Դեռ ոչ: Կարծում եմ՝ այնտեղ կարելի է կորել:
- Դուք առօրյա կյանքում և՞ս պաշտոնական եք հագնվում. բաճկոն, սպիտակ վերնաշապիկ:
- Ոչ, պարզապես այս մամուլի ասուլիսը իմ համար շատ կարևոր է (ժպտում է): Սովորաբար այլ կերպ եմ հագնվում:
- Սեյդու Դումբիային անվանում են Ռնգեղջյուր: Կցանկանայի՞ք, որ Ձեզ անվանեին, օրինակ՝ Բիզոն:
- Կցանկանայի, որ ինձ անվանեին անունով՝ Յուրա Մովսիսյան:
- Շուտով կվերականգնվի Էմանուել Էմենիկեն: Մրցակցությունը կուժեղանա…
- Էմենիկեն հրաշալի հարձակվող է: Ես հասկանում եմ, որ երբ նա շարք վերադառնա, ինձ դժվար կլինի ընդգրկվել հիմնական կազմում: Բացի այդ, «Սպարտակում» այլ բարձրակարգ հարձակվողներ կան՝ Ձյուբա, Արի, Ուորիս: Բայց, եթե մրցակցությունը չլիներ, ես «Սպարտակում» չէի հայտնվի: Առանց մրցակցության առաջընթացը անհնար է:
- Ի դեպ, քանի՞ հետ-տրիկ կար ձեր հաշվին:
- Սա առաջինն էր: Հեքիաթային մեկնարկ ստացվեց, իհարկե:
- Ապագայում կցանկանայի՞ք խաղալ եվրոպական այլ ուժեղ առաջնությունում:
- Ես դեռ նոր եմ սկսել «Սպարտակում»: Այժմ ես պաշտպանում եմ Ռուսաստանի ամենահայտնի ակումբի գույները, իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգան տարեցտարի ուժեղանում է:
- Եվրոպական ո՞ր ակումբին եք երկրպագում:
- Փոքր ժամանակ երկրպագում էի «Արսենալին» և «Ռեալին»: Բայց, ընդգծում եմ, դա եղել է մանկությանս տարիներին:

Armsport.am