12.03.2013 15:01

Վարդան Մինասյան. Մովսիսյանից նման բան չէի սպասում

Վարդան Մինասյան. Մովսիսյանից նման բան չէի սպասում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ռուսական «Спорт Экспресс»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում 3 գնդակ էր ուղարկել Գրոզնիի «Թերեկի» դարպասը՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով մոսկովյան ակումբում նորամուտը նշել է հեթ-տրիկով:  

Զարմացա՞ծ եք Յուրա Մովսիսյանի այսքան տպավորիչ նորամուտով «Սպարտակում»։

Թեեւ գիտեի Յուրայի ռմբարկուական հատկանիշների մասին, սակայն առաջին իսկ խաղում հեթ-տրիկ չէի սպասում նրանից։ Բայց տպավորիչ խաղից զարմացած չեմ։ Իմանալով Մովսիսյանի ներուժը, երբ նա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ, վստահ էի, որ նա կկարողանա խաղալ մոսկովյան ակումբում։ Հուսով եմ՝ Յուրան կշարունակի նույն ոգով։

Սակայն տրամաբանակա՞ն էր սպասել, որ Յուրային ժամանակ է հարկավոր հարմարվելու համար։

Նրա համար թիմը նոր է, սակայն չմոռանանք, որ Յուրան արդեն երրորդ տարին է անցկացնում Ռուսաստանի առաջնությունում:

«Սպարտակը» համապատասխանո՞ւմ է Մովսիսյանի խաղաոճին:

«Սպարտակի» ներկայիս խաղաոճը տարբերվում է 90-ականների ոճից: Հիմա «Սպարտակն» իր արտասահմանցի ֆուտբոլիստներից բաղկացած կազմով միտված է հարձակողական ֆուտբոլ խաղալուն: Պաշտպանությունից արագ հարձակման անցնելը Մովսիսյանի թույլ կտա հարմարավետ զգալ իրեն: 

Չկա՞ մտավախություն, որ Յուրայի մոտ կարող է գլխապտույտ առաջանալ այսպիսի հաջողությունից։

Տա Աստված, որ նման բան տեղի չունենա։ Հույսս դնում եմ նրա պրոֆեսիոնալիզմը վրա: «Թերեկի» հետ խաղից հետո Յուրան համեստորեն էր խոսում խաղթանակում իր ավանդի մասին:

Մովսիսյանից յուրաքանչյուր խաղում սպասելիքները չափազանց մեծ են լինելու։ Դա կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ նրա խաղի վրա։

Ամեն բան կախված է նյարդային համակարգից եւ հոգեբանությունից։ Իմ կարծիքով՝ նա շատ ամուր տղա է այդ առումով:

2 շաբաթից Հայաստանի հավաքականը Երեւանում աշխարհի առաջնության ընտրական հանդիպում է անցկացնելու Չեխիայի հետ։ Մովսիսյանի ներկայիս մարզավիճակը լավատեսություն հաղորդո՞ւմ է։

Իհարկե։ Նախորդ տարվա համեմատ նա նկատելիորեն ավելացրել է։ Մինչեւ Չեխիայի հետ խաղը Յուրան եւս մեկ տուր ունի անցկացնելու Ռուսաստանի առաջնությունում: Հուսով եմ՝ նա լավ մարզավիճակով կմոտենա հավաքականի խաղին:

Sport.News.am