12.03.2013 17:51

Բարոյախոսի խշխշան թիկնոցը դեն նետեք ձեր վտիտ ուսերից

Բարոյախոսի խշխշան թիկնոցը դեն նետեք ձեր վտիտ ուսերից
Արխիվային լուսանկար

Որոշ լրատվամիջոցների հուզաթաթավ անդրադարձներն ստիպեցին ինձ, որ մի անգամ էլ ուշադիր դիտեմ ու լսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը վերջին հանրահավաքում:

Չէի սխալվում. այն հատվածում, որտեղ Րաֆֆին հայտարարում է, որ հացադուլ է սկսում` բազմաթիվ ծափեր են հնչում:

Իսկ ինչո՞ւ լրատվամիջոցներն ստիպեցին, որ կրկին դիտեմ հանրահավաքի այս հատվածը: Որովհետև ինձ հանդիպած գրավոր խոսքի տողատակերում լսում եմ նույն ծափերի ձայնը:  

Ի՞նչ է կատարվում: Հասարակությունը բաժանվել է երկու հատվածի: Ի դեպ, տվյալ դեպքում հասարակություն ասելով` նկատի ունեմ միայն իշխանափոխության ձգտողներին կամ գոնե ձևացնողներին, թե ձգտում են: Մի հատվածը հեգնում է Րաֆֆու այս քայլը, մյուս հատվածն էլ հիացմունքի աղեկեզ ճիչեր է արձակում: Կամ էլ` լուրջ-լուրջ վերլուծում է նրա ձեռնարկած հացադուլի շեշտակի հաջողությունները, որ շուտով մանանայի նման թափվելու են Հայաստանի գլխին:

Չլինի՞ հեթանոսության շրջան ենք վերադարձել՝ ես բանից անտեղյակ եմ: Զո՞հ ենք մատուցում աստվածներին, որ բարի աչքով նայեն ողջ մնացածներին: Մարդը պարզորոշ ասաց` միայն իմ դիակի վրա… Հո չե՞ք մոռացել: Եթե ծափահարում եք, ուրեմն հավատում եք, որ Րաֆֆին պատրաստ է մեռնել` միայն թե դուք` նրան հավատացողներդ, լավ ապրեք, ազատ ապրեք, արդար Հայաստանում ապրեք: Եւ հավատալով` քաջալերո՞ւմ եք նրա ինքնազոհաբերումը: Բա ո՞ւր մնացին բարությունը, մարդասիրությունը, որ թևածում են Ազատության հրապարակում այն օրից ի վեր, երբ հարթակ բարձրացավ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ասաց` բարև:

Ես չար եմ, ես հեգնում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի, ըստ իս՝ այդ տարօրինակ ու անսպասելի որոշումը: Ես է~ն չար 2008-ի պայքարողներից եմ, ձեզ նման բարի չեմ, որ գամ` նստեմ ընտրված նախագահի կողքին ու գլուխս մեկ աջ տանեմ, մեկ` ձախ, և աջ տանելուց «ախ-ախ» ասեմ, ձախ տանելուց էլ` «վախ-վախ»: Ես կարծում եմ, որ ազատության և արդարության համար պայքարի ելածների առաջնորդը պետք է ամուր կանգնի հողին, ոչ թե իր աչքունքին նայողներին, իր հետ հույս կապողներին ի տես` օրեցօր սովից թուլանա, վիզը ծռվի, ձայնն էլ փորն ընկնի: Սրանք էլ քիչ են, էն աշխարհի ճամփան բռնի` իր վրա հույս դնողներին թողնելով անտեր-անտիրական:

Եթե այդքան բարի եք, գուցե աղաչեք-պաղատե՞ք հանուն ձեզ մահվան գիրկը սլացող Հայաստանի ընտրյալ նախագահին, որ դադարեցնի՞ հացադուլը: Եթե չանսա ձեր աղաչանք-պաղատանքներին, գուցե փորձեք ա՞յլ կերպ ազդել նրա բարեգութ հոգու վրա: Օրինակ` հարյուր-երկուհարյուր հոգով հացադուլ հայտարարեք ու միաձայն սովից տնքաք նրա աչքի առաջ: Կասկած չունենաք` չի դիմանա ձեր տառապանքներին ու հանուն ձեզ՝ կդադարեցնի հացադուլը: Կամ գուցե մոռանա՞ք, որ ամեն մեկդ մի-մի խոշորագույն վերլուծագանգ եք, և նրա այդ քայլը գովերգելու փոխարեն՝ պնդեք, որ անիմաստ, ոչ մի տեղ չտանող որոշո՞ւմ է կայացրել: Պնդեք, եթե նույնիսկ հակառակ կարծիքին եք: Աստվածները կներեն ձեզ այդ կեղծիքը, քանի որ նպատակը բարի է` ուզում եք մարդուն ետ բերել դեպի մահ տանող  ճանապարհից:

Թե չէ՝ ծափահարում-գովաբանում եք, որ ի՞նչ անեք: Որ մեր պատմության ողբի էջերը մի էջով է՞լ հարստացնեք:

Թե՞ չեք հավատում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքին վտանգ է սպառնում, բայց ձևացնում եք, թե, իբր, սպառնում է: Թե՞ չեք հավատում, որ նա մտադիր է իր կյանքը մատաղ անել հանուն Հայաստանի, պարզապես հասարակությանը չարի ու բարու բաժանելը քաղաքական ներկա մոմենտի պահանջն է: Որքան էլ տհաճ բան է կեղծիքը, բայց, պատկերացրեք, սա ավելի տանելի կեցվածք է: Գոնե չեք դառնում ուրիշի կյանքի գնով կրակից շագանակ հանողներ, բարության թիկնոցով  քողարկված անհոգիներ, ընտրյալ նախագահին բաց աչքերով զոհասեղան առաջնորդողներ:

Եթե չեք հավատում, այդ դեպքում ինչո՞ւ եք էժանագին բարոյախոսական ճառեր ասում հեգնողների հասցեին: Դուք չեք հավատում, բայց ձևացնում եք, որ հավատում եք: Մենք էլ չենք հավատում ու չենք ձևացնում:

Կողմնորոշվեք: Եթե հավատում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղիղ քայլերով գնում է դեպի մահ, և քաջալերում եք նրա այդ ծայրահեղ որոշումը, ուրեմն` չարի սերմերը ձեր մեջ փնտրեք: Եթե չեք հավատում, բայց ձևացնում եք, թե հավատում եք` լավ եք անում, արեք: Միայն թե բարոյախոսի խշխշան թիկնոցը դեն նետեք ձեր վտիտ ուսերից:

Լիզա Ճաղարյան