07.09.2012 22:45

Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2012-ի առաջին կիսամյակում կազմել է 6,2%

Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2012-ի առաջին կիսամյակում կազմել է 6,2%


Հայաստանում ՀՆԱ-ի աճն այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,2%: Սրանք ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներն են: 

Հաղորդագրության համաձայն, Հայաստանն այդ ցուցանիշով զբաղեցնում է չորրորդ տեղը Թուրքմենստանից հետո, որի տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում աճել է 11,1%-ով, Ուզբեկստանինը՝ 8,1% և Տաջիկստանի տնտեսությունն աճել է 7,4%-ով: Հայաստանին հաջորդում են Ղազախստանը (5,6%) և Ռուսաստանը (4,4%): 

Միջինը հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճը կազմել է 4,4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Երեք երկրների դեպքում ներկայացվել են հունվար-հուլիս ամիսների տվյալները: Այսպես, Բելառուսում նախորդ տարվա յոթ ամիսների համեմատ ՀՆԱ-ի 2,8% աճ է գրանցվել, Ադրբեջանում՝ 1,6%: Ղրղզստանում 5% անկում է գրանցվել:

Մոլդովայում նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալների համեմատ գրանցվել է 1% աճ, իսկ Ուկրաինայում ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3%: