13.03.2013 06:42

«Բարսելոնան» վերադարձավ

«Բարսելոնան» վերադարձավ

Վաղ էր, վաղ էր թաղել «Բարսելոնային»: Ծանրագույն ժամանակաշրջան է ապրում բոլոր ժամանակների մեծագույն թիմը: Բայց հենց դրա համար էլ մեծագույնն է, որ հաղթահարի անհաղթահարելին: Առանց մարզիչի, միգուցե միայն Սկայպի միջոցով կապ պահպանելով Տիտո Վիլանովայի հետ, «Բարսելոնան» փառահեղ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ:

Գրեթե մեկ ամիս, միայն ամենածույլերը չէին խոսում «Բարսելոնայի» ճգնաժամի մասին: Սպառել են իրենց, այլեւս մոտիվացիա չունեն, հոգնած են, մարզիչ չունեն եւ նման տասնյակ մեկնաբանություններ: Մի մասն իսկապես անհիմն չէին: Տիտո Վիլանովայի հիվանդությունից հետո կատալոնացիները հայտնվել էին ֆորս-մաժոր վիճակում: Մի կողմից, նոր մարզիչ հրավիրելը սրիկայության ոլորտից կլիներ, մյուս կողմից՝ վտանգի տակ էին բոլոր հնարավոր տիտղոսները: Նրանցից Արքայական Գավաթն արդեն իսկ տանուլ տրվեց: Եվ այն էլ՝ «Ռեալին»: Եվ գումարած սրան՝ Չեմպիոնների լիգան: Եթե այն էլ տապալվեր, մրցաշրջանը կարելի էր փակել կապիտուլյացիայի դրոշով, եթե նույնիսկ Իսպանիայի առաջնությունում չեմպիոնի կոչում ձեռք բերվեր:

Ահա այսպիսի բարդ վիճակում էր հայտնվել «Բարսան»: Բայց իզուր չէ, որ ասում են. «Բարսելոնան» ավելին է, քան՝ թիմը: «Միլանի» հետ խաղում «Բարսան» արեց ավելին, քան ցանկացած որեւէ թիմ: Նա կարող է, նա ունակ է գլխից վեր թռնել, ցանկացած իրավիճակում ուժ գտնել եւ հաղթահարել հերթական Էվերեստը: «Բարսելոնան» դա արեց եւ դա միայն ծափահարությունների է արժանի: Կատալոնացիներն այնպիսի տրամադրվածությամբ սկսեցին հանդիպումը, որ պարզ դարձավ. «Միլանը» դեռ փոշմանելու է իր տնային հիանալի հանդիպման համար: Մեսին, որին վերջերս սկսել էին քննադատել, ապացուցեց, թե ինչու է բավական հաճախ «Ոսկե գնդակ» ստանում: Չավին ապացուցեց, որ նույնիսկ ծանր վնասվածքով, միայն մեկ ոտքով նա կարող է ռադիոկառավարվող փոխանցումներ կատարել, Ինյեստան ապացուցեց, որ ինքը Ինյեստան է, Բուսկետսը ապացուցեց, որ աշխարհում հավասարը չունի հենակետային գոտում: Բոլորը ապացուցեցին, որ իրենք իրենց տեղում են:

Չի կարելի ասել, թե «Միլանը» ձախողեց հանդիպումը: Ոչ, պարզապես նրա բախտը չբերեց, որ հայտնվեց ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամանակում: Ալեգրին շատ կարճ ժամանակահատվածում գրեթե զրոյից նոր թիմ է ստեղծել, որը եթե ոչ այս մրցաշրջանում, ապա հաջորդում միանշանակ աշխարհի հզորների շարքում է լինելու: Բայց այս թիմին պակասում էր փորձը. թիմի կազմի ուղիղ կեսը առաջին անգամ էր մասնակցում Չեմպիոնների լիգայում եւ դա ի վերջո զգացնել տվեց:

«Բարսելոնան» հաղթեց 4:0 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Եթե չհաղթահարեր «Միլանի» արգելքը, ապա կարելի էր ասել, որ ամենահեղինակավոր մրցաշարում ութ ֆավորիտ կա: Իսկ այժմ կա մեկ գլխավոր ֆավորիտ եւ նրա անունն է «Բարսելոնա»:

Հ.Գ, Ձեռքի հետ Մեսին ինչ-որ մանր-մունր ռեկորդների հեղինակ դարձավ, բայց դա արդեն բացարձակապես երկրորդական է:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Բարսելոնա» - «Միլան»՝ 4:0 (առաջին հանդիպում՝ 0:2)

Լիոնել Մեսի, 5, 40, Դավիդ Վիլյա, 54, Խորդի Ալբա, 90+2