13.03.2013 16:16

Հենրիխ Մխիթարյան. Նոր մրցաշրջանում ավելի առաջ ենք գնալու

Հենրիխ Մխիթարյան. Նոր մրցաշրջանում ավելի առաջ ենք գնալու

Դոնեցկի «Շախտյորի» առաջատարներից և Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը «Սպորտ Էքսպրես» պարբերականին տված հարցազրույցում ամփոփել է «հանքափորների» ելույթներն՝ ընթացիկ եվրագավաթային մրցասպարեզում։

-Այժմ, երբ հույզերը մի փոքր մարել են «Բորուսիայի» հետ պատասխան խաղից հետո, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք «Շախտյորի» ելույթներն Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում։
-Միգուցե, լրագրողներին ավելի շատ է հայտնի. մենք խաղում էինք, իսկ դուք դիտում էիք կողքից։ Մեր թիմը նպատակաուղղված էր դեպի դրական արդյունքը, և խմբային փուլում մենք հասանք դրան։ Իսկ Դորտմունդում, թերևս, չկարողացանք կատարել գլխավոր մարզչի առաջադրանքը և չցուցադրեցինք այն ամենը, ինչին ունակ ենք։ Իրենց հերթին, այդ ամենի վրա ազդեցին առանց պաշտոնական խաղերի անցկացրած 3 ամիսները, և, բացառված չէ, որ մենք ուղղակի դուրս մնացինք խաղային ռիթմից։
-Կարելի՞ է ասել, որ քառորդ եզրափակչի ուղեգրին Ձեր թիմը հրաժեշտ տվեց դեռևս «Դոնբաս Արենայում»՝ գերմանական թիմի հետ առաջին հանդիպումից հետո (2:2)։ Արդյունավետ ոչ-ոքին, ակնհայտորեն, մրցակցի օգտին էր։
-Համաձայն չեմ. մեր հնարավորություններն իրատեսական կլինեին նույնիսկ եթե պատասխան խաղից առաջ 0։2 հաշիվը լիներ։ Երկրորդ խաղակեսում բավական շատ էին մեր ստեղծած այն պահերը, որոնք կարող էին գոլերի վերածվել «Բորուսիայի» դարպասում։ Եթե երկու գնդակ խփեինք, գործը կարող էր ավարտվել լրացուցիչ ժամանակի խաղարկմամբ և նույնիսկ 11-մետրանոց հարվածաշարով։ Սակայն բաց թողած երրորդ գոլից հետո մենք այլևս ոչ մի հույս չունեինք։
-Մեկնաբանելով այդ մրցավեճը՝ Միրչա Լուչեսկուն ասել է. ժամանակն է՝ թարմացնել թիմը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ուներ նա։
-Ավելի լավ է այդ հարցն ուղղեք իրեն։ Նա է գլխավոր մարզիչը և նա ավելի լավ գիտի։ Միգուցե, առաջիկայում նոր համալրումներ լինեն կամ փոփոխություններ՝ մարզչական գործընթացում։ Ես, Ձեր պես, կարող եմ միայն ենթադրություններ անել այդ մտքի վերաբերյալ։
-Տեսակետ կա, որ ներկայումս «Բորուսիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբն է։ Համամի՞տ եք...
-Գերմանական թիմն, իրոք, ուժեղ է։ Պատահական չէ, որ նրանք խմբում գրավել են առաջին տեղը՝ առաջ անցնելով «Ռեալից» և «Մանչեսթեր Սիթիից»։ Եթե «Բորուսիան» շարունակի խաղալ նույն ոգով, թիմը կունենա բոլոր հնարավորությունները ՝ հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
-1/8 եզրափակչի վիճակահանությունից առաջ «Շախտյորի» խաղացողներն ասում էին, որ չէին ցանկանա այդ փուլում հանդիպել «Բարսելոնայի» հետ։ Միգուցե, դորտմունդյան թիմի հետ մրցավեճերից հետո նրանք այժմ ա՞յլ կարծիքի են և կնախընտրեին կատալոնացիներին՝ «Բորուսիայի» փոխարեն...
-Ինձ համար նշանակություն չուներ, թե որ թիմի դեմ ենք խաղալու։ Ե՛վ «Բարսելոնան», և՛ «Բորուսիան»՝ լուրջ մրցակիցներ են, որոնք իրենց խմբային ելույթները եզրափակել են առաջին տեղով։ Չնայած այն հանգամանքին, որ իսպանացիները վերջին ժամանակներս ոչ բոլոր խաղերում են ցուցադրում իրենց բնորոշ ֆուտբոլը, «Բարսելոնան» մնում է «Բարսելոնա», դրա հետ չես վիճի։
-Դուրս գալով Չեմպիոնների լիգայի գարնանային փուլ, «Շախտյորը» հաջողվե՞ց վերականգնվե՞լ նախորդ մրցաշրջանի անհաջողությունից։
-Մենք շտկեցինք նախորդ սխալները և ցուցադրեցինք ոչ վատ արդյունք։ Ուղղելով ներկայիս բացթողումները՝ նոր մրցաշրջանում ավելի առաջ ենք գնալու։
-Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորն» արդեն երաշխավորե՞լ է իր համար ոսկե մեդալները։
-Մինչև առաջնության ավարտը դեռ 10 տուր կա, և մեր միավորների առավելությունը մեզ հետապնդողների նկատմամբ դեռևս ոչինչ չի նշանակում։ Պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում, որպեսզի պահպանենք առաջին տեղը և հայտնվենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այդ մրցաշարը մեզ համար իսկական քննություն է։
-Պատրա՞ստ եք կանխատեսումներ անել. ո՞ր թիմն է ընթացիկ առաջնության եզրագիծը հատելու երկրորդը և ո՞րն է լինելու երրորդը։
-Կարծում եմ, որ Կիևի «Դինամոն», «Դնեպրն» ու «Մետալիստը» կպայքարեն մինչև վերջ։ Յուրաքանչյուր տուրից տուր թիմերը փոխվում են տեղերով։ Ո՞վ կարող էր ենթադրել, որ դինամոյակայանները տնային մրցավեճում «Կրիվբասի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո կհատնվեն մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում։
-Ինչպե՞ս եք վերաբերում ԱՊՀ երկրների միացյալ առաջնության անցկացման գաղափարին։
-Ես դեմ չեմ։ Կարող է շատ հետաքրքիր մրցաշար ստացվել...

Armsport.am