29.09.2012 10:36

«Կու-կլուքս-կլանի» ակտիվիստին մինչեւ 51 տարվա ազատազրկում է սպառնում

«Կու-կլուքս-կլանի» ակտիվիստին մինչեւ 51 տարվա ազատազրկում է սպառնում

Ամերիկյան ծայրահեղ աջ՝ «Կու-կլուքս-կլան» կազմակերպության ղեկավարներից Չարլզ Ռոբեր Բեյրֆուտը մեղավոր է ճանաչվել Հյուսիսային Կարոլինայի շրջանային շերիֆի դեմ սպանություն կազմակերպելու համար, տեղական ԶԼՄ-ներին հղում անելով՝ տեղեկացնում է RIA-Nowosti-ն:

Դատապարտյալին սպառնում է մինչեւ 51 տարվա ազատազրկում: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերին:

Դատաքննության համաձայն, Բեյրֆուտը բազմիցս մեղադրել է շերիֆ Սթիվ Բիզելին այն բանում, որ վերջինիս գործունեության արդյունքում սնանկացել է «Կու-Կլուքս-Կլանի» առաջնորդին պատկանող գիշերային ակումբը: Բացի դրանից՝ ծայրահեղական ակտիվիստը մեղադրել է  շերիֆին նրա համար, որ նա արգելել է շարժման անդամներին ամենամյա շքերթ անցկացնել:

Բեյրֆուտը մեղադրվում է նաեւ ապօրինի զենք պահելու մեջ:

«Կու-Կլուքս-Կլանը» որպես գաղտնի կազմակերպություն ստեղծվել է 1860-ական թվականներին: Շարժման անդամները պնդում են, թե սպիտակ ռասան առավելություն ունի մյուսների նկատմամբ, եւ իրենց հայացքները նախկինում տարածում էին բռնության, հաճախ նաեւ՝ ահաբեկչության միջոցով:

Ներկայումս կլանը փոքրաքանակ մարդկանց միություն է, որն իր գործունեության մեջ սահմանափակվում է գրավոր հռչակագրեր տարածելով եւ օնլայն-բանավեճերով: