29.09.2012 02:24

Հայաստանը տիեզերքում գործող հեռահաղորդակցության արբանյակ կունենա

Հայաստանը տիեզերքում գործող հեռահաղորդակցության արբանյակ կունենա

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել "Ռոսկոսմոս" Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ:

Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և "Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան" Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման  տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային  71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին:

Կողմերը համաձայնել են սեղմ  ժամկետներում ռուսական "Գեյզեր-Տելեկոմ" ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր`  նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական  հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:
Ըստ աղբյուրի, այս համաձայնությունների արդյունքում Հայաստանը առաջին անգամ կունենա տիեզերքում գործող  հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար: