29.09.2012 13:22

Արոնյանը շարունակում է 2-րդ տեղում մնալ

Արոնյանը շարունակում է 2-րդ տեղում մնալ

Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում կայացավ շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրը:
Կենտրոնական խաղում հանդիպեցին ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարները՝ Մագնուս Կառլսենը եւ Լեւոն Արոնյանը: Բարդ եւ հավասար պայքարից հետո գրանցվեց ոչ-ոքի: Ընդ որում, 27-րդ քայլում սպիտակներով խաղացող Կառլսենը շատ կոպիտ սխալ թույլ տվեց, սակայն Արոնյանը չօգտվեց դրանից:
Իսկ ահա մրցաշարի առաջատար, իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան օգտվեց իր մրցակցի՝ իսպանացի Վալյեխոյի նմանատիպ «նվերից», եւ արդեն 24-րդ քայլում մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Կարուանան էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը եւ այժմ մրցաշարում հաղթելու լավ հեռանկարներ ունի:
Կարյակին – Անանդ պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Նշենք, որ սա Անանդի չորրորդ ոչ-ոքին էր:
Մրցաշարային իրավիճակը 4-րդ տուրից հետո.
1. Կարուանա – 10 միավոր, 2. Արոնյան – 6, 3. Կառլսեն – 5, 4. Անանդ – 4, 5. Վալյեխո – 2, 6. Կարյակին – 2: