29.09.2012 14:03

Չեխիայի նախագահի վրա հարձակում գործողը պահանջում էր ուշադիր լինել երկրի խնդիրներին (տեսանյութ)

Երեկ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի վրա հարձակում իրականացրած երիտասարդը ոստիկանությունում պատմել է իր արարքի դրդապատճառների մասին: Ձերբակալվածի խոսքերով՝  երկրի ղեկավարությունը կույր է և խուլ, և իր արարքով նա ուզում էր ուշադրություն հրավիրել երկրի խնդիրների վրա:

Հիշեցնենք, որ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի վրա երեկ հարձակում էր իրականացվել այն ժամանակ, երբ նախագահը մասնակցում էր կամուրջի բացման արարողությանը: 26-ամյա երիտասարդը 1 մետր հեռավորությունից խաղալիք ատրճանակից մի քանի անգամ կրակել էր նախագահի ձեռքին: Երկրի ղեկավարը չէր տուժել, իսկ երիտասարդը ձերբակալվել էր:

«Վեստին» հիշեցնում է, որ 1992 թ. ի վեր Չեխիայում ավելի քան 16 հարձակում է իրագործվել տարբեր պաշտոնյաների վրա: