29.09.2012 16:01

Սկսվում է «Վատիլիքս» անունը ստացած գործի դատավարությունը

Սկսվում է «Վատիլիքս» անունը ստացած գործի դատավարությունը

Վատիկանում այսօր տեղի կունենա Հռոմի պապի նախկին սենեկապետի գործով առաջին դատական լսումը:

«Վատիլիքս» անունը ստացած գործում Հռոմի պապ Բենեդիկտոս XVI -րդին ավելի քան վեց տարի ծառայած Պաոլո Գաբրիելեն մեղադրվում է Կաթոլիկ աշխարհի առաջնորդի անձնական նամակները գողանալու և հրապարակելու մեջ:

Հիշեցնենք, որ նախկին սենեկապետը ձերբակալվել է ընթացիկ տարվա մայիսին, այն բանից հետո, երբ հրապարակախոս Ջանլուիջի Նուցիի գրքում Բենեդիկտոս 16-րդի գաղտնի նամակներից որոշ դրվագներ էին օգտագործվել:

Ձերբակալության ժամանակ սենեկապետի տանը հայտնաբերվել էին ոչ միայն փաստաթղթերի պատճենները, այլ նաև հովվապետի անձնական իրեր, բանկային չեկ 100 հազար եվրո գումարով, ոսկու ձուլակտոր և հազվագյուտ գրքեր:

Վերջին օրերին Գաբրիելեի պաշտպանը փոխել է մարտավարությունը: Ամենայն հավանականությամբ՝ Հռոմի պապի նախկին սենեկապետը կխոստովանի իր մեղքը՝ այն հույսով, որ Բենեդիկտոս XVI-րդը գթասիրտ կգտնվի: