29.09.2012 16:45

Տիմոշենկոն կոչ է արել ընտրություններում տապալել Յանուկովիչին (տեսանյութ)

Ուկրաինայի նախկին վարչապետ, յոթ տարվա կալանքի դատապարտված Յուլյա Տիմոշենկոն, որն այժմ բուժում է ստանում Խարկովում, հայրենակիցներին կոչ է արել  հոկտեմբերի 28-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում «տապալել»  Վիկտոր Յանուկովիչի գլխավորած խմբավորումը: Այդ մասին նա հայտարարել է վիդեոուղերձով, որը շաբաթ օրը տեղադրվել է նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցության կայքում: Նախկին վարչապետի խոսքերով՝ ինքը, գտնվելով անազատության մեջ, իր մաշկի վրա է զգում իշխանությունների անմարդկային վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն 2011 թ. հոկտեմբերին դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ ՌԴ-ի  հետ գազի վերաբերյալ համաձայնագիր կնքելիս իշխանազանցության համար, և այժմ իր պատիժն է կրում Խարկովի կանանց գաղութում (մայիսից նա բուժման մեջ է Խարկովի հիվանդանոցներից մեկում): Հոկտեմբերի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նա մասնակցել չի կարող, քանի որ դատվածությունը մարված չէ: