29.09.2012 17:39

Թունիսում սեռական բռնության զոհին վեցամսյա կալանք է սպառնում

Թունիսում սեռական բռնության զոհին վեցամսյա կալանք է սպառնում

Թունիսում կանանց իրավունքների պաշտպանության հարցը սրվել է այն բանից հետո, երբ դատարանը անբարոյական պահվածքի համար մեղադրանք է ներկայացրել բռնաբարության զոհին: Ոստիկանների կողմից սեռական բռնության ենթարկված 27-ամյա կնոջը վեցամսյա ազատազրկում է սպառնում:

Իրավապաշտպանները խիստ քննադատության են ենթարկել իշխանություններին: Ի պատասխան հնչած քննադատությունների՝ Թունիսի արդարադատության նախարարը հայտարարել է.

«Թեպետ հետաքննությունն ապացուցել է, որ այդ կինն իսկապես զոհ է և բռնաբարվել է ոստիկանների կողմից, դա ամենևին նրան չի ազատում հասարակական վայրում անվայելուչ պահվածքի համար պատասխանատվությունից»:

Թունիսն առաջին արաբական երկիրն է, որտեղ կանանց իրավունքներն օրենսդիր աջակցություն են ստացել, իսկ սեռերի հավասարության սկզբունքն ամրագրված է Սահմանադրության մեջ, սակայն իսլամիստների իշխանության գալուց հետո երկրում հաճախակի են դարձել ոստիկանների կողմից կանանց հանդեպ իրականացված բռնության դեպքերը, գրում է «Euronews»-ը: