19.03.2013 19:48

Ինչ ուզում եք` ասեք, ոնց ուզում եք` ասեք, բայց համոզեք այդ մարդուն, որ դադարեցնի հացադուլը

Ինչ ուզում եք` ասեք, ոնց ուզում եք` ասեք, բայց համոզեք այդ մարդուն, որ դադարեցնի հացադուլը

Մի անգամ էլ փորձեմ ասել այն, ինչը քանիցս ասել եմ:

Դեպի հաղթանակ տանող ինչ գաղտնիքներ կան պարփակված Հայաստանի նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի խորխորատներում, ինքս չեմ հասկացել, եւ մինչեւ հիմա որեւէ մեկը հոդաբաշխ չի բարձրաձայնել: Եւ եթե նույնիսկ բարձրաձայնել է, ինձ եւ շատ-շատերին չի համոզել:

Ով եմ ես, ինչ նպատակ եմ հետապնդում, որ քննադատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, 7-րդական-17-րդական հարց է: Մեկիդ համար մոլեռանդ կոնգրեսական եմ, չեմ ուզում տեսնել, թե Հրապարակում ինչ հրաշքներ են կատարվում, մյուսի համար` պատվեր եմ կատարում, երրորդի համար` խելքս չի հասնում, որ հասկանամ, թե հացադուլն ինչ զորեղ պայքարի միջոց է, մանավանդ որ` թունելի վերջում էլ «դիակ» է ուրվագծվում… Մի պահ անտեսեք իմ ով լինելը եւ մի անգամ էլ ընթերցեք այն տեքստը, որ հիմա ձեզ եմ հղում, անասելի հարգարժան անպատմելի հայրենասերներ:

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում հաղթած նախագահն է, որը դուրս է եկել Հրապարակ` արդարությունը վերականգնելու: Նրա շուրջը հավաքվել են մարդիկ, որոնք հույս են կապում, որ հենց այդ մարդու առաջնորդությամբ են հասնելու բաղձալի արդարության վերականգնմանը: Եւ այս մարդը որոշել է իր հետ հույս կապող մարդկանց առաջնորդել օրեցօր հյուծվելով եւ ֆիզիկապես թուլանալով: Ինքը կարծում է, որ դա է հաղթանակի ճանապարհը: Եթե չկարծեր, դժվար թե նման զրկանքներ կրեր, չէ՞: Չեմ քննարկում, թե ինչու է կարծում, որ հնարավոր է հացադուլով մի ողջ ավազակապետության վախճանին հասնել: Ինձանից ավելի լավ քննարկողներ եղել են, ինքս էլ եմ քանիցս իմ համեստ տեսակետը հայտնել ե՛ւ իր` Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին հացադուլի օրերին, ե՛ւ ներկա հացադուլի օրերին:

Այսօրվա Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից մի հատված նայեցի: Ակնհայտ է, որ մարդն արդեն հյուծված է, արդեն ֆիզիկապես թուլացած է: Հաղթած նախագահի պայքարի մեթոդներով ամենեւին չհիացողս սրտի ծակոցներ ունեցա: Դու՛ք, որ հիացած եք Րաֆֆու յուրաքանչյուր քայլով, որ ծափ եք զարկում նրա արտասանած ամեն խոսքից հետո, դու՛ք, որ հիացած չեք Րաֆֆու յուրաքանչյուր քայլով, բայց ծափ եք զարկում նրա արտասանած ամեն խոսքից հետո, քանի որ ինձանից հարյուր գլուխ բարձր եք ու կանգնել եք նրա կողքին, ասեք` խնդրեմ, էս ի՞նչ եք անում:

Ինչու՞ եք քաջալերում այն մարդկանց, որոնք գալիս են Ազատության հրապարակ եւ Րաֆֆիին «աջակցելու» համար մեկօրյա հացադուլ հայտարարում: Մեկօրյա հացադուլն ի՞նչ է, պարոնայք եւ տիկնայք: Մեկօրյա «աջակցող» հացադուլը մի բան է նշանակում` շատ լավ ես անում, Րաֆֆի, որ հացադուլ ես անում, մալադեսսսսս: Դե, համ էլ ու՞մ կխանգարի մեկ ամբողջ օր հասարակության ուշադրության կենտրոնում լինելը: Լրատվամիջոցները կգրեն, հանրահավաքի մասնակիցները ծափ կտան հերթական «անձնազոհ»-ի համար: ԳորՁ է էլի, անում են կողքից: Հետո՞: Հետո իրենք գնում են իրենց տներն ու մի լավ խփշտում սառնարանում եղած-չեղածը, իսկ պայքարի առաջնորդը շարունակում է հյուծվել ու թուլանալ:

Ներողություն, դուք ինչո՞վ եք մտածում, Րաֆֆի Հովհաննիսյանի թեւութիկունքներ: Էս ի՞նչ եք անում: Հավաքվեք իրար գլխի, այ ընկերներ, որոշեք ու գնացեք հացադուլավոր առաջնորդի «VIP սրահը», ասեք` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որ դադարեցնեք հացադուլը, հայ ժողովրդի միակ հույս ու ապավեն: Ասեք` մենք ձեզ նախագահ չենք ընտրել, որ մատաղ անենք տասը մարդու դիակների վրայով իշխանություն զավթած Սերժիկ Սարգսյանին, որն աչքն էլ չի ճպելու, եթե ձեզ  մի վատ բան պատահի: Ասեք` մենք չենք եկել այս Հրապարակ` սգալու, եկել ենք հաղթելու: Ինչ ուզում եք` ասեք, ոնց ուզում եք` ասեք, բայց համոզեք այդ մարդուն, որ դադարեցնի հացադուլը:

Ամեն ինչը` մարդկայնությունը, բարոյականությունը, քաղաքական հեռատեսությունը, համարենք երկրորդական բան հայրենիքի փրկության էս սրբասուրբ գործում: Ասեք տեսնեմ` դուք էդ ո՞նց եք պատկերացնում ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը, եթե նա չդադարեցնի հացադուլը:

Ոնց որ ես եմ պատկերացնում` հյուծվածությունից դողացող ձայնով երդման տեքստն ընթերցող Րաֆֆի Հովհաննիսյանը միայն արցունք է քամելու Հայաստանի քաղաքացիների աչքերից:

Է՜, հետո՞: Լացուկոծից չկշտացա՞նք:

Լիզա Ճաղարյան