30.09.2012 00:23

Լիտվացի դատաբժիշկը պնդում է, թե վրացի բանտարկյալներին չեն բռնաբարել

Լիտվացի դատաբժիշկը պնդում է, թե վրացի բանտարկյալներին չեն բռնաբարել

Լիտվական դատաբժշկական ինստիտուտի տնօրեն Ռոմաս Ռաուդիսը հայտարարել է, որ հետազոտել է վրացի երկու կալանավորներին, որոնց նկատմամբ բանտային բռնության տեսարաններով հոլովակը հասարակական բողոքի ալիքի պատճառ էր դարձել Վրաստանում:

Ռոմաս Ռաուդիսը Վրաստան է գործուղվել` ուսումնասիրելու աղմկոտ գործի մանրամասները:

BBC հեռուստաընկերության Newshour հաղորդման ժամանակ նա հայտնել է, որ որ հանդիպել է հոլովակում երեւացող երկու կալանավորների հետ:

«Քանի որ ես Վրաստանում էի որպես դատաբժշկական փորձագետ, ինձ ավելի շատ հետաքրքրում էր գործի բժշկական կողմը, եւ ես հարցաքննում էի նրանց այդ` իբրեւ թե տեղի ունեցած, կողմնակի առարկաներով կատարված բռնաբարության մասին», - պատմել է դոկտոր Ռաուդիսը:

Ըստ նրա, իր զրուցակիցները չեն նշել, թե հատկապես ինչպես է նկարահանվել ֆիլմը, բայց խոստովանելկ են, որ նկարահանման ժամանակ իրենց ցուցումներ էին տալիս, թե ինչ պետք է անել:

Ռաուդիսի խոսքով, կալանավորներից մեկը հաստատել է իր նկատմամբ բռնության փաստը, բայց կտրականապես հերքել է, թե իրեն բռնաբարել են: Փորձագետը չի բացառում, որ կալանավորը կարող էր ամոթից թաքցնել բռնաբարության փաստը, բայց եւ նշել է, որ հոլովակում նկատելի «կողմնակի առարկաների»` ոստիկանական մահակի եւ ցախավելի թողած հետքերը մարմնի վրայից կանցնեին հազիվ մեկ տարվա ընթացքում, բայց հետազոտված մարկանց վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 Լիտվացի փորձագետը հաղորդման ժամանակ նաեւ վստահեցրել է, թե հետազոտությունների ընթացքում իր վրա որեւէ ճնշում չի բանեցվել, եւ թե իր խոսքերի ճշմարտացիությունը կարող է հաստատել ցանկացած այլ անկախ փորձագետ:

Մինչդեռ, վրացական ընդդիմության ղեկավարներից Իրակլի Ալասանիան կասկած է հայտնել, թե լիտվացի փորձագետը հետազոտել է հենց նույն բանտարկյալներին, որոնք նկարված են հայտնի հոլովակում:

Ընդ որում, նա ընդգծել է, որ նույնիսկ Վրաստանի նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է ընդունել «21-րդ դֆարի ինկվիզիցիայի» համար իր պատասխանատվությունը: