01.10.2012 13:11

Սահակաշվիլին ընտրություններն անվանել է պատմական, իսկ ՆԳՆ զգուշացրել՝ ընտրակաշառքների մասին

Սահակաշվիլին ընտրություններն անվանել է պատմական, իսկ ՆԳՆ զգուշացրել՝ ընտրակաշառքների մասին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը լույս երկուշաբթի գիշերը՝ խորհրդարանական ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ, արտակարգ հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե շրջաններում «զանգվածաբար փող են բաժանում»:

«ՆԳՆ-ն տեղեկություններ է ստանում զանգվածաբար փող բաժանելու փաստերի վերաբերյալ: Այդ տեղեկատվության համաձայն՝ փող բաժանող անձինք գործում են  որոշակի քաղաքական սուբյեկտի անունից: Ոստիկանությունը ստուգում է հիշյալ տեղեկությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

ՆԳՆ-ն ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին կոչ է անում վերահսկել իրենց կուսակցական կառույցները՝ օրենքի կոպիտ խախտումներ թույլ չտալու համար: «Հաշվի առնելով, որ հոկտեմբերի 1-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, ոստիկանությունը զերծ է մնում կուսակցությունների ներկայացուցիչներին հարցաքննության կանչելուց»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 14 քաղաքական կուսակցություններ և երկու դաշինք:

Այսօչ վաղ առավոտյան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն քվեարկել է ընտրություններում: Նա ընտրատեղամաս է եկել առաջին տիկնոջ՝ Սանդրա Ռուլովսի և կրտսեր որդու հետ միասին: Նախագահն այսօրվա ընտրություններն անվանել է «պատմական», հաղորդում է apsny.ge-ն:

Լուսանկարը՝ Մ.Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջից