21.03.2013 21:06

Լիզա Ճաղարյան. Եռահատոր վեպ. ԹԱԹԱԼՈՇՏՈ

Լիզա Ճաղարյան. Եռահատոր վեպ. ԹԱԹԱԼՈՇՏՈ

Առաջին հատոր

ՄԱՆԿԱՄՍՈՒՐ
Մանկիկը տոտիկները գետնին զարկեց ու ասաց` չէ, չեմ ուզում, չեմ ուտելու, համով չի: Դայակն ուզում էր կամակոր մանկիկի տուտուզիկին խփել, բայց նկատեց, որ մնացած մանկիկները խորազնին հայացքով նայում են իրեն: «Այսօր չուտես, վաղը կուտես, ձագուկս»,- մանկիկի գլուխը շոյեց դայակը: Նա այնքան բարի դայակ էր, որ երբեմն նրան Ռահվիրա էին ասում:
Երեկո էր: Երկնակամարում աստղ ցոլաց: Հուսո աստղն էր:

Երկրորդ հատոր

ՑՓՆՈՑԻ

Տատը դեռ բան չէր ասում: Կյանք տեսած տատ էր, գիտեր, որ հենց ասեր` բոլորն աթոռներից ընկնելու են: Բայց տատի համբերությունը բարի դայակի համբերության չափ անսահման չէր: Նա չանչ արեց դայակի կողմը, բամփեց մանկիկի գլխին ու ասաց` ինչ տալիս են, ձենդ կտրած կեր, թե չէ դրանից էլ կզրկվես: Մանկիկը համառեց` ես ազգային ճաշ եմ ուզում` միացյալ համեմունքներով: Տատը դա լսեց` մաննի կաշան բռով վերցրեց ու ցփնեց մանկիկի դեմքին:

Միացյալ ազգայինները նայեցին տատին, նայեցին մանկիկին, նայեցին դայակին ու լուռ հասկացան իրար` Ստամբուլն արյան ծով դարձնելու պահն է:

Տատը խաչակնքեց: Մանկիկը հեկեկալով ծոր տվեց` դա խաչ չէէէէէ, իքս էէէէէէէէ:

Եւ տիրեց ծանր, խռովյալ եւ դառնացած լռություն:

Երրորդ հատոր

ԲՈՅԹԱՂՈՑԻ 

Խավարչտին գիշեր էր: Մանկիկը նայեց երկնակամարին: Օօօ, մորմոքածորուն իրականություն, սեւ ամպը դավադրաբար կալմեջ էր արել Հուսո աստղին: Ի՞նչ անել: Տատի ցփնած մաննի կաշան դեռ շրթունքին կպած էր: Լեզուն հանեց ու վարպետորեն կաշան ներս քաշեց: Ազգային չէր, բայց համեղ էր: Իզու՞ր էի համառում` ինքն իրեն խորախորհուրդ հարց տվեց մանկիկը` խանդավառվելով, որ գիշերը խավարչտին է, եւ ոչ ոք չնկատեց իր ուխտադրժությունը: Մատը տարավ` քթին կպած կաշան վերցրեց ու տարավ բերանը: Տատը թաթիկին շերեփով խփեց` գդալն ինչի՞ համար է, բոյդ թաղեմ: Բարի դայակն ասաց` տա՞տ, քո համբերությունը ոնց որ թե անսահման չէ իմի նման: Տատն էլ թե`ձենդ կտրիր, տեղդ վեր ընկիր, պակասը դու էիր, թերհաս: Խռովյալ մանկիկն ուզում էր հարցնել` ո՞րն է, բաբո, մեր հայրենիք, բայց միտքը փոխեց` ականջի բլթակին կպած կաշան գդալով վերցրեց ու կերավ:

Մանկիկը կամակոր էր, ազգային ու ուխտադրուժ, դայակը համբերատար էր, բարի ու թերհաս, տատի խելքը գնալով-գալովի էր, մթնոլորտն էլ գաղջ էր: Տատի խելքը հենց տեղն եկավ, տարավ-բերեց եւ մանկիկի ու դայակի քիթուբերանին մի-մի թաթալոշ հասցրեց: Երկուսն էլ աթոռներից ընկան: Աթոռները թեթեւացած շունչ քաշեցին ու երախտագիտությունից դողացող ձայնով ասացին` ապրես, տատ ջան, մռութ ես էէէէէէ, մռու’թ: Տատն էլ տակ չմնաց` բա չէ, ձեր տախտակ խելքին եմ:

ՎԵՐՋԵՐԳ

Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: