25.03.2013 23:10

Խորին շնորհակալություն, պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, «վճռականներին» դիմակազերծ անելու համար

Խորին շնորհակալություն, պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, «վճռականներին» դիմակազերծ անելու համար

Սերժիկ Սարգսյանը պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ամենաէականն այս նամակի մեջ հիշեցումն է, որ Րաֆֆին «ունի ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն»: Քիչ էր մնում` կատարվեր Հայաստանի նախագահի աթոռը երկրորդ անգամ զավթողի մանկության երկնագույն երազանքը. վերջապես «ուժեղ» ընդդիմության ծվեններ էին նշմարվում Հայոց «գաղջ մթնոլորտում»: Հետո էլ դժգոհում ենք. էս մարդն ամեն ինչ արեց, որ «Ժառանգությունը» թունդ ընդդիմադիր դառնա, մեկ էլ` նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տարավ-բերեց ու թե` հնարավոր է: Հնարավոր է`համաձայնեմ քեզ ասել «մեծարգո նախագահ», եթե մերոնց մի քանի պաշտոն տաս: Այստեղ տեղին է հիշել ԱԽՔ-ին, մեկ էլ որ` «կատվի վազքը մինչեւ մարագն է», եւ այսքանով սահմանափակվել:

Ինքս երբեք չեմ հավատացել Րաֆֆի Հովհաննիսյանի վճռականությանը, այնպես որ` ոչ հիասթափված եմ, ոչ` զարմացած, ոչ էլ` հուսահատված: Ինձ շարունակում է հետաքրքրել եւ չի դադարելու հետաքրքրել, թե ինչ պատահեց Հայ ազգային կոնգրեսը պառակտող «վճռականներին», այդ ի՞նչ հրաշափառ մոծակ խայթեց սրանց, որ այսպես բացահայտորեն դիմակները դեն նետեցին: Չեմ հոգնում եւ չեմ հոգնելու հիշեցնել, թե այս մարդիկ ինչ պատճառաբանություններով, ինչ ճռճռան «հիմնավորումներով» լքեցին Կոնգրեսը կամ, մնալով Կոնգրեսում, «անձնազոհաբար» սկսեցին պայքարել նույն Կոնգրեսի դեմ: Գրողի ծոցը, որ այս մարդկանց ճռճռան վճռականության խորքում զանազան ճղճիմ պատճառներ կան. մեկին Նեմեց Ռուբոյի ընկերակցությունն էր հմայել, մյուսի սրտին թունդ էր կպել, որ ՀՀՇ-ն վարչության անդամ չէր ընտրել իրեն, երրորդին Կոնգրեսի համակարգողի դերն էր շատ գայթակղիչ թվացել, չորրորդը մինչեւ հոգու խորքը ցնցվել էր, որ ինքը ԱԺ պատգամավորության թեկնածուների ցուցակում անցողիկ տեղում չէր հայտնվել, հինգերորդն ավելի հեռատես էր գտնվել` նախ պատգամավոր դառնալ, հետո «սկզբունքային» պայքար մղել Կոնգրեսի դեմ, քանի որ ինքը «մի հատ» է, վեցերորդն էլ էն գլխից «ական» էր, ժամանակը վրա հասավ` պայթեց:

Կասեք` ինչու՞ եմ այսքան վստահ, որ այս մարդկանց` Կոնգրեսից հեռանալու պատճառն ամենեւին էլ այս ընդդիմադիր ուժի վճռականության պակասը չէր: Ով` ինչ խորախորհուրդ վերլուծություններ կանի այս խնդրի վերաբերյալ, իր գործն է, ինձ համար պատճառը պարզագույն է` հասարակությունն այդպես էլ չտեսավ սրանցից որեւէ մեկի վճռական պայքարը: Եթե սերժիկամիշիկական լրատվամիջոցներով օրուգիշեր Կոնգրեսին քննադատելն ու վարկաբեկելը վճռական պայքար է կոչվում, ուրեմն` Հայաստանում ամենավճռական պայքարող «ընդդիմադիրները» հանրապետականներն են եւ իրենց ախքերը: Կոնգրեսից հեռացած «վճռականներն» ընդամենը համալրեցին սրանց շարքերը: Ուղղակի, թե անուղղակի` էական չէ:

Իսկ հիմա՞: Հիմա այս նույն «վճռականները» հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով արդարացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի, այսպես կոչված, պայքարի մեթոդները, նույնիսկ` Սերժիկ Սարգսյանից պաշտոններ պահանջելու «հերոսական եւ անձնազոհ» քայլը: Պարոնայք եւ տիկնայք, Արթուր Բաղդասարյանի պահանջն էլ էր նույնը: Ավելին, նա ընտրված նախագահ չէր:  Սա` դեռ հեչ. պաշտոններ առաջարկողը Սերժիկ Սարգսյանն էր, Արթուր Բաղդասարյանն ընդամենը «մեծահոգաբար» ընդունողն էր այդ առաջարկները:   

Սրանք այն նույն մարդիկ են, ովքեր Կոնգրեսի գլխին աշխարհի աղբն էին թափում, այսպես կոչված, անհանդուրժողականության համար, երբ մեկնումեկս փորձում էինք իրենց անհեթեթ, կեղծ, նենգ մեղադրանքներին հակադարձել: Այսօր այս նույն մարդիկ մոռացել են քննադատության բարերար ազդեցության մասին, քննադատության նկատմամբ հանդուրժողականության անհրաժեշտության մասին եւ նույն ջերմեռանդությամբ մեղադրում են նրանց` հատկապես ու մասնավորապես կոնգրեսականներին, եթե նրանք համարձակվում են բարձրաձայնել, որ իրենց, մեղմ ասած, դուր չի գալիս Րաֆֆու «մի օր ցուրտ է, մի օր տաք է» հովհարաձեւ «խրոխտ» կեցվածքը: Գիտեինք, վաղուց էինք հասկացել, որ սրանց համար «հանդուրժողականություն» նշանակում է` հարվածել միմիայն Կոնգրեսին եւ պահանջել, որ կոնգրեսականները նույնիսկ չպաշտպանվեն: Բայց որ սրանք արդեն չեն էլ փորձում թաքցնել այն երկար ականջները, որ ցցված են իրենց «վճռական» գլուխների կատարներին, սա արդեն նորություն է:

Պատճառն ի՞նչ է, պարոնայք եւ տիկնայք: Կերակրատաշտի կողքին տեղավորվելու հու՞յս է արթնացել: Կոնգրեսն իշխանությունների հետ պաշտոնների առեւտուր չարեց, «վճռականներիդ» սպասելիքները չարդարացրեց, հիմա նոր հորիզոննե՞ր են բացվել ձեր առաջ: Չէ՞: Եթե ձեր այլակերպության պատճառն այսքան «գաղջ» չէ, մի ամաչեք, ասեք`ներս մի գցեք: Իսկ քանի դեռ որեւէ մեկդ որեւէ հոդաբաշխ բացատրություն չեք տվել, թե ինչու հանկարծ որոշեցիք այսքան «ըմբռնող» դառնալ, ես` անհանդուրժողս, ձեր մասին մտածում եմ նույնքան վատ բաներ, որքան` Սերժիկ Սարգսյանի եւ նրա ավազակախմբի մասին:

Հ.Գ. Ինչ կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժիկ Սարգսյանին` ինքը կիմանա: Նայած թե` պատասխան նամակի օրն արեւը որտեղից կծագի: Բայց ուրանալ պարոն Հովհաննիսյանի ահռելի դերն ու նշանակությունը «վճռականների» շռնդալից դիմակազերծման գործում, նույնիսկ գերբնական ճիգերի գնով` հնարավոր չէ: 

Լիզա Ճաղարյան