26.03.2013 21:19

Ինչու՞ է «Կարգին Հայկոյի» չեխուհի կինը երկրպագում Հայաստանի հավաքականին

Ինչու՞ է «Կարգին Հայկոյի» չեխուհի կինը երկրպագում Հայաստանի հավաքականին
Լուսանկարը՝ Հայկ Մարությանի անձնական արխիվից

Դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) կինը՝ ծագումով չեխուհի Իվան, այսօր երեկոյան Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենալիք Հայաստան-Չեխիա խաղի ժամանակ երկրպագելու է Հայաստանի հավաքականին:

Բացատրությունը, որը iLur.am-ին ներկայացրեց Իվան, բավական օրիգինալ է. «Հայաստանում բնակվող Չեխիայի միակ քաղաքացի» Իվան ուզում է, որ մեր տղաներն այսօր հաղթեն իր հայրենակիցներին, որովհետև դա կնպաստի, որ Չեխիայում ավելի շատ բան իմանան Հայաստանի մասին, սկսեն հետաքրքրվել Հայաստանով:

«Իսկ եթե հաղթեն չեխերը, դա աղմուկ չի առաջացնի, և մարդիկ միայն կիմանան, որ հավաքականը ինչ-որ մեկին հաղթեց», - ասաց Իվան:

Հայկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 2004-ին, երբ Իվան, «Կարմիր խաչի» առաքելության կազմում որպես կամավոր՝ աշխատում էր Սպիտակում: Նրանք այսօր երկու երեխա ունեն՝ 7-ամյա Ալիսան և 4 տարեկան Արթուրը: Հայկի խոսքով՝ Ալիսան ազատ խոսում է չեխերեն, իսկ Արթուրը, երբ իր ներկայությամբ մայրը խոսում է մայրենի լեզվով, դժգոհում է՝ «նորմալ խոսեք»:  Մի քիչ չեխերեն հասցրել է սովորել նաև Հայկը:

Մինչ օրս, դերասանի պատմելով, Չեխիայում շատ բան չգիտեն ժամանակակից Հայաստանի ու հայերի մասին՝ Marlenka հրուշակեղեն արտադրող ընկերությունը, որի տարբերանշանին պատկերված է Արարատը, մեկ էլ` Չեխիայում իր «քաջագործություններով» հայտնի հայաստանցի «օրենքով գող» «Զապին»:

Հայ-չեխական հեքիաթի «բարի» ու «չար» հերոսները

1704-ին դամասկոսցի մի հայ, որը չեխական աղբյուրներում նշվում է որպես Գեորգիուս Դեոդատուս Դամասցենուս (Georgius Deodatus Damascenus), Պրահայում հիմնում է առաջին սրճարանը՝ «Ոսկե օձը»: Նրանից երեք հարյուր տարի անց՝ 2003-ին, Հայաստանից ներգաղթած Գևորգ Ավետիսյանի ընտանիքը հիմնում է հուշակեղեն արտադրող «Միկո ինթերնեյշնըլ» ընկերությունը: Ընկերության՝ հայկական բաղադրատոմսով արտադրած Honey Miracle («Մեղրային հեքիաթ») մեղրաբլիթներն այսօր մեծ ճանաչում ունեն չեխական շուկայում:

Ժամանակակից Չեխիայում լավ գիտեն մեկ այլ «հայտնի» հայի ևս՝ դա գյումրեցի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանն է՝ նույն ինքը՝ «Զապը»: Վերջինս հայտնի է աղմկահարույց մի մահափորձի պատմությունից, երբ իր «գործընկեր» ադրբեջանցի Ալիևի հետ միասին 2007-ին  Չեխիայում բնակվող մի հայ գործարարի սպանություն պատվիրեց: Մի քանի տարի չեխական կրիմինալ քրոնիկոնում շրջանառվող գործը ավարտվեց այս տարվա մարտի սկզբներին, երբ Պրահայի քաղաքային դատարանը հեռակա՝ 22 տարվա ազատազրկման դատապարտեց, ըստ որոշ լուրերի, հայրենի Գյումրիում «թաքնվող» «Զապին»: 

Այնպես որ՝ այսօրվա Հայաստանի հավաքականի հաղթանակը կարևոր է ոչ միայն սպորտային առումով: