08.09.2012 15:22

Այսօր Մաեստրո Դուրյանը կդառնար 90 տարեկան

Այսօր Մաեստրո Դուրյանը կդառնար 90 տարեկան

Այսօր աշխարհահռչակ դիրիժոր, Մաեստրո Օհան Դուրյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 90 տարեկան: Ու չնայած մեծանուն դիրիժորը, աշխարհահռչակ հայը, ՀՀ արժանավոր քաղաքացին, օրինակելի մտավորականն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն, Դուրյան անունը մեզ հետ է մշտապես, մեր կողքին, մեր սրտերում: Հավերժ փառք քեզ, Մաեստրո:

Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում: Տեղում կոմպոզիցա եւ խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետեւ համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա եւ զարմացրել իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։

1957 թվականին Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգեն 1-ինի հրավերով Օհան Դուրյանը Դուրյանը տեղափոխվեց Երեւան, ստանձնելով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի, իսկ 1960-1965 թթ. գլխավոր դիրիժորի պաշտոնը: Հետագայում մեկնել է Եվրոպա։

1965-1969-ին Օհան Դուրյանը իբրեւ հյուր դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվել ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դարձել են Լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։ Դուրյանը երկու անգամ նշանակվել է Գեւանդհաուսի երգչախմբի խմբավար:

Մամուլում նրան համեմատում էին Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ Օհան Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։ 1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի եւ Բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան 2001 թ. հեռացրեց մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հեռացավ Հայաստանից Մոսկվա։

2008 թվականին աշխարհահռճակ դիրիժորը միացել էր Հայաստանում ձեւավորված Համաժողովրդական շարժմանը, եւ մինչեւ կյանքի վերջին օրը այդ շարժման նվիրյալն էր: Մաեստրոն մահացավ 2011 թվականի հունվարի 6-ին Երեւանում:

iLur.am-ը շնորհավորում է Օհան Դուրյանի ընտանիքին և հարազատներին Մեծ Մաեստրոի 90-ամյակի կապակցությամբ:

Կարող եք դիտել նաև ֆոտոշարքը: