27.03.2013 19:35

Արևելյան Երուսաղեմի զարգացման համար արաբները մեկ միլիարդ դոլար են հատկացնում

Արևելյան Երուսաղեմի զարգացման համար արաբները մեկ միլիարդ դոլար են հատկացնում

Արաբական պետությունների լիգան երեկ հաստատել է Քաթարի առաջարկը՝ Արևելյան Երուսաղեմի արաբական հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ: Իսրայելի հետ ցանկացած խաղաղ համաձայնության դեպքում պաղեստինցիներն ուզում են Արևելյան Երուսաղեմն ստանալ որպես մայրաքաղաք: Հիմնադրամի չափը կազմելու է մեկ միլիարդ դոլար:

Քաթարի ամիրան՝ շեյխ Համադ բեն Խալիֆա ալ-Թանին հայտարարել է, որ իր երկիրը հիմնադրամին կհատկացնի 250 միլիոն դոլար: Այս մասին շեյխը հայտարարել է Դոհայի արաբական գագաթնաժողովում ողջույնի խոսք ասելիս, թեև գագաթնաժողովի հիմնական թեման Սիրիայի հակամարտությունն էր, իսկ փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցություններն օրակարգի երկրորդ հարցն էին: Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ողջունել է հիմնադրամի ստեղծումը և քաղաքի արաբական դիմագիծը պահպանելու՝ իր ցեղակիցների մտադրությունը: Նա կոչ է արել բոլոր արաբական պետություններին իրենց ավանդը ներդնել այդ գործում: «Իսրայելյան օկուպացիան կանոնավոր և անդուլ աշխատում է՝ ամեն կերպ ջանալով հրեականացնել Արևելյան Երուսաղեմը և արմատախիլ անել պաղեստինցի բնակչությանը: Հրեաները հարձակումներ են գործում ալ-Աքսա մզկիթի, ինչպես նաև մահմեդական և քրիստոնեական սրբավայրերի վրա»,- գագաթնաժողովում հայտարարել է Աբասը:

Իսրայելի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը Դոհայի գագաթնաժողովում ստեղծված նախաձեռնությունն անվանել է «խայտառակություն Քաթարի համար», հաղորդում է  mignews.ru-ն: