27.03.2013 22:31

Չինաստանի դատարանը ազատազրկման է դատապարտել 20 ույղուրների

Չինաստանի դատարանը ազատազրկման է դատապարտել 20 ույղուրների

Չինաստանի դատարանը տարբեր ժամկետների, ընդհուպ մինչեւ ցմահ, ազատազրկման է դատապարտել 20 ույղուրների՝ Սինձյան-Ույղուրյան ինքնավար մարզում անջատողական տրամադրություններ տարածելու եւ ահաբեկչության մեղադրանքով:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, դատապարտյալները տեղի բնակչության շրջանում տեղեկատվություն էին տարածում Չինաստանում արգելված՝ «Արեւելյան Թուրքեստանի անկախության համար պայքարող իսլամական շարժման» մասին:

Շարժման վտարանդի ներկայացուցիչները դատարանի վճիռը չինական կառավարության կողմից բռնաճնշումների եւ մահմեդականների իրավունքների խախտման օրինակ են որակել: Նրանց խոսքով, 20 դատապարտյալներն ընդամենը լսում էին արտասահմանյան ռադիոկայանների լուրերը եւ տարածում էին դրանք իրենց ծանոթների շրջանում: