01.10.2012 23:31

Վրացական ընդդիմությունը հաղթում է համամասնական, իշխանությունը՝ մեծամասնական ընտրապայքարում

Վրացական ընդդիմությունը հաղթում է համամասնական, իշխանությունը՝ մեծամասնական ընտրապայքարում

Վրացական ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցների իրականացրած Exit-polls_ի տվյալներով, ընդդիմադիր «Վրացական երազ» դաշինքը համամասնական ընտրակարգով հաղթանակ է տարել:

Ըստ Reuters_ի իշխանամետ «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունների պատվիրած հարցումների արդյունքներով, Բիձինա Իվանիշվիլու գլխավորած դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 51, իսկ նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը՝ 41տոկոսը:

Մինչդեռ, ընդդիմադիր «Մաեստրո» հեռուստաընկերությունը Իվանիշվիլու դաշինքին հաղթանակ է վերագրել ձայների 63%-27% հարաբերակցությամբ:

Ավելի ուշ Վրաստանի իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքում իր հաղթանակի մասին:

«Մենք վստահ հաղթանակ ենք տարել մեծամասնական 73 ընտրատարածքներից 53-ում», - հայտարարել է կուսակցության խոսնակ Ճիորա Տակտակիշվիլին:

Մինչ պարզ կդառնա, արդյոք նորընտիր խորհրդարանում Սահակաշվիլու ընդդիմադիրներին կհաջողվի ընդհանուր մեծամասնություն ապահովել, Թբիլիսիի կենտրոնում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել՝ տոնելու ընտրություններում տարած հաղթանակը: «Այս ընտրություններում հաղթեց Հայրենիքի նկատմամբ սեր», - ըստ РИА-Новости-ի, հանրահավաքի մասնակիցների առաջ հայտարարել է ընդդիմության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ուենցող ընտրությունների արդյունքում խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնականով: ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցված ընտրողների թիվը 3 միլիոն 613 հազար 851 է: