28.03.2013 22:50

Սիրիացի ապստամբները իրանական տրանսպորտային ինքնաթիռ են խփել

Սիրիացի ապստամբները իրանական տրանսպորտային ինքնաթիռ են խփել

Մարտի 28-ի ցերեկը սիրիացի ապստամբները հայտարարել են, թե իրենց հաջողվել է խփել իրանական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ, որն ընկել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի տերմինալի վրա:

Ականատեսների վկայությամբ՝ դրանից անմիջապես հետո օդանավակայանում շատ մեծ հրդեհ է բռնկվել, բարձրացող ծուխը տեսանելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից: Սիրիայի կառավարությունը հաստատել է, որ օդանավակայանն այրվում է՝ միաժամանակ հայտարարելով, թե խփված ինքնաթիռները դրա հետ կապ չունեն, և հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի անսարքության պատճառով: Իրանի իշխանություններն առայժմ խփված ինքնաթիռի լուրը չեն մեկնաբանում:

Նախկինում ապստամբները բազմիցս մոտեցել են օդանավակայանին և կրակ բացել օդ բարձրացող կամ վայրէջք կատարող ինքնաթիռների ուղղությամբ: Սակայն մինչ այս՝ նրանց չի հաջողվել լրջորեն վնասել թեկուզ մեկ տրանսպորտային ինքնաթիռ: Արևմտյան հատուկ ծառայությունները և ապստամբներն իրենք նաև բազմիցս պնդել են, թե իրանական տրնսպորտային ինքնաթիռները կանոնավոր կերպով Դամասկոս են տեղափոխում զենք և զինամթերք, ինչպես նաև հրահանգիչների՝ Իսլամական հեղափոխության պահապանների շարքերից: Պաշտոնական Թեհրանը և Դամասկոսն ամեն անգամ հերքել են այդ մեղադրանքները, սակայն սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Բաշար Ասադին սատարող երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի) ինքնաթիռներն իր համար օրինական թիրախ են, հաղորդում է lenta.ru-ն: