29.03.2013 01:18

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է անձնագրերի նմուշը՝ չնկատելով կոպիտ վրիպակը երկրի անվանման մեջ

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է անձնագրերի նմուշը՝ չնկատելով կոպիտ վրիպակը երկրի անվանման մեջ

Բիոմետրիական անձնագրերի նմուշում, որը հաստատվել է Ուկրաինայի կառավարության կողմից, կոպիտ վրիպակ է հայտնաբերվել, գրում է Lenta կայքը՝ վկայակոչելով ուկրաինական «15 минут» լրատվականը:

Փաստաթղթի կազմողները անճշտություն են թույլ տվել երկրի անվանման մեջ: «Ուկրաինա» բառը, որն աշխարհի տարբեր լեզուներով կրկնվում է փաստաթղթի երկնագույն ֆոնին, միանգամից  2 վրիպակ է ունեցել արաբերեն տարբերակում: Այդ մասին Facebook սոցցանցում գրել են փաստաթղթին ծանոթացած արևելագետները:

Պարզվել է, որ արաբալեզու անվանման մեջ «Ուկրաինայի» փոխարեն գրվել է «Ուրկանի», մինչդեռ արաբական տառադարձությամբ երկրի անվանումը կարդացվում է «Ուկրանիյա»:

Երկրի պետական միգրացիոն ծառայությունը, որն զբաղվում է բիոմետրիական անձնագրերի նմուշների նախապատրաստմամբ, հայտնել է լրագողներին, որ տեղյակ չէ, թե փաստաթղթի որ տարբերակն է հաստատվել կառավարության կողմից, իսկ վրիպակի մասին «ոչինչ չի լսել»: