ՌԴ դիվանագետները բարձրացրել են Գուանտանամոյի բանտում պահվող ռուսաստանցու հարցը

Ռուսաստանը պնդում է, որպեսզի իրեն հյուպատոսական թույտվություն տրվի զբաղվելու ՌԴ քաղաքացի Ռավիլ Մինգազովի հարցով, որը 2002 թվականից պահվում է ամերիկյան Գուանտանամո բանտում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը: Վերջինս հիշեցրել է, որ Մինգազովը, ով հիմա 44 տարեկան է, Գուանտանամոյում է պահվում առանց մեղադրանք առաջադրելու: «Խախտվել են նրա օրինական իրավունքներն ու շահերը»,- ընդգծել է դիվանագետը:
Դոլգովի խոսքերով՝ իրադրությունը ամերիկյան Գուանտանմո հատուկ բանտում, որտեղ փետրվարի 6-ին կալանավորները զանգվածային հացադուլ էին հայտարարել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: «Ամերիկյան իշխանություններին կոչ ենք անում ականջ դնել միջազգային հանրության առաջարկներին և վերջապես արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գունտանամոյի բանտը փակելու ուղղությամբ»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ թեպետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009 թ. խոստացել էր փակել Գուանտանամոն, այն շարունակում է գործել, և այսօրվա դրությամբ՝ այնտեղ կա ավելի քան 150 կալանավոր, հաղորդում է Росбалт-ը: