30.03.2013 14:08

ԿԺԴՀ-ն պատերազմ է հայտարարել Հարավային Կորեային

ԿԺԴՀ-ն պատերազմ է հայտարարել Հարավային Կորեային
©KNS/AFP

Այսօր՝ շաբաթ առավոտյան, ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ «մտնում է պատերազմական վիճակի մեջ» Հարավային Կորեայի դեմ, հաղորդել է հարավկորեական «Ренхап» լրատվական գործակալությունը:

Ձևականորեն՝ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան արդեն իսկ պատերազմական վիճակում էին: Մինչև վերջերս Կորեական թերակղզում հրադադարի պայմանգիր էր գործում, որը կնքվել էր 1950-1953 թթ. Կորեական պատերազմն ավարտելու նպատակով, սակայն պաշտոնական Փհենյանը մարտի սկզբին դադարեցրեց այդ պայմանագրի գործողությունը: Վերջին օրերին Փհենյանը նաև դադարեցրել էր Սեուլի հետ արտակարգ հեռախոսակապը, ինչպես նաև սաստկացրել հակաամերիկյան հռետորաբանությունը՝ խոստանալով հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ռազմակայաններին Գուամում, Օկինավայում և Հավայան կղզիներում, հաղորդում է Газета.Ru-ն:

Ավելի ուշ, սակայն, РИА «Новости»-ն  հաղորդել է, թե, ամենայն հավանականությամբ՝ Հարավային Կորեային պատերազմ է  հայտարարել ոչ թե ԿԺԴՀ-ն, այլ կորեերենի թարգմանիչները, ովքեր սխալ են թույլ տվել Փհենյանի հայտարարությունը ներկայացնելիս: «Հակառակ արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվության՝ Փհենյանի հայտարարության բնագրում խոսվում է ընդամենն այն մասին, որ իր դեմ սադրանքների դեպքում  Հյուսիսային Կորեան կգործի «պատերազմական ժամանակի օրենքների համաձայն», ինչը կարող է վերաճել «լայնածավալ» կամ նույնիսկ «միջուկային պատերազմի»,- պարզաբանել են լրատվական գործակալությունում: