31.03.2013 20:58

Վարչախմբի սթրեսը` չորսի միավորման վտանգի հանդիման

Վարչախմբի սթրեսը` չորսի միավորման վտանգի հանդիման

Ընտրությունները Հայաստանի իշխանությունների համար կարեւորագույն քաղաքական միջոցառում լինելուց վերածվել են սթրեսի առիթի։ Արտաքուստ դա չի երեւում այն խորությամբ, ինչպիսին որ կա իրականում։ Անգամ գյուղապետերի ընտրությունը վարչախմբի համար «սկզբունքային» նշանակություն ունի։ Ամենախոր սթրեսի պատճառ, բնականաբար, դառնում են իշխանությունը կորցնելու առումով առավել վտանգավոր՝ նախագահական, ապա խորհրդարանական ընտրությունները։ Երեւանի քաղաքապետական ընտրություններն էլ, սակայն, մայրաքաղաքի յուրահատուկ կարգավիճակից ելնելով, որպես իշխնափոխության հնարավորություն, եթե հավասար չեն, ապա շատ չնչին են զիջում խորհրդարանական ընտրություններին։ Ինչ-որ տեղ էլ գուցե` ավելի հարմար են այն առումով, որ այստեղ, ի տարբերություն ԱԺ-ի, ընտրությունները տեղի են ունենում 100%-անոց համամասնական եղանակով։

Վարչախումբը ծանրագույն սթրես տարավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների շրջանում։ Այն ուներ երկու՝ բարոյական եւ առարկայական հիմք։ Բարոյականն այն էր, որ ՀՀԿ-ն, չնայած իր գործադրած բոլոր ջանքերին, հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ։ Նրանից դե յուրե առանձնացած ՀՅԴ-ն եւ դե ֆակտո առանձնացած ԲՀԿ-ն Կոնգրեսի (մի պահ նաեւ «ժառանգության») հետ կազմեցին ընդդիմադիր բեւեռ, որն ընդհուպ միասնական կառույց ստեղծելու հաջող փորձ արեց՝ ի դեմս 2012-ի խորհրդարանական ընտրությունների օրինկանության վերահսկման միասնական շտաբի։ Իշխանությունը հասկացավ, որ սա շատ վտանգավոր նախադեպ է եւ կարող է ճակատագրական դեր խաղալ 2013-ի նախագահական ընտրությունների համար։ Կես տարուց ավելի վարչախումբն արեց ամեն հնարավորը այդ բանը բացառելու համար։ Ու քանի որ այդ հեռանկարից շատ էր սարսափած՝ հարցը դրեց ու լուծեց ամենաարմատական ձեւով՝ ստեղծեց այն «բարենպաստ» պայմանները, որպեսզի այդ երեք ուժերից որեւէ մեկը նախագահի թեկնածու չառաջադրի։

Երեւանի քաղաքապետական ընտրություններում կրկին ծառացել է ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ մի բեւեռում վարչախմբի դեմ հավաքվելու, ՀՀԿ-ի մենակ մնալու վտանգը։ Նման կոնսոլիդացիայի ուրվականն է, ահա, որ իշխանական համակարգում ջղաձգումների պատճառ է դարձել։

Այս պահին հիմնական թիրախը, ըստ մեր ունեցած տեղեկությունների եւ նկատվող գործողությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Վերջինս, նույնպես, նախագահական ընտրություններում վերցրած «պաուզայից» հետո բուռն ակտիվություն է դրսեւորում քաղաքապետական ընտրություններում։ Ակնհայտ երեւում է, որ խզումը իշխանությունից ու նրան հակադրվելու աստճանը անընդհատ խորանում ու մեծանում է։ Դա արձանագրում են ոչ մայն քաղաքական փորձագետները, դա արձանագրում են նաեւ մարդիկ, ովքեր մեկուկես տարուց ավելի որպես հիմնական թեմա զարգացնում էին ՀՀԿ-ԲՀԿ-ի նույնականության թեման։ Վարչախումբը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրան ի պատասխան ԲՀԿ-ի դեմ մշակել եւ իրականացնում է համակարգայն արշավ՝ հետեւյալ առանցքային ուղղություններով եւ գործող անձանցով.

  1. Ուղղություններից մեկը հանձնարարված է ոստիկանությանը՝ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ։ Վերջին շրջանում պետական այս մարմնի ուշադրության թիրախում է հայտնվել ԲՀԿ-ամերձ գործարարներ և«Կենտրոն» հեռուստաընկերությունը: Հիշեցնենք, որ վերջերս Սերժ Սարգսյանն իր հյուսիսկորեական ոճի ասուլիսում արտագաղթի համար մեղադրել էր նաև երկու հեռուստաընկերությունների, որոնց թվում ակնարկում էր նաև «Կենտրոն» հեռուստաընկերությանը: Ավելացնենք, որ պետական հենց այս կառույցն է, որը, ինչպես հայտնի է, ավելի ու ավելի շատ է իր վրա վերցրել ընտրակեղծիքներ կազմակերպելու դերը։ Ոստիկանությունն է իրականացնում կեղծ գրանցումներ, նա է ապահովում ցուցակների ուռճացումը, պատրաստում եւ գործողության մեջ դնում կեղծ անձնագրեր։ Ոստկանության միջոցով է, որ զանազան ճնշումներ են գործադրվում քաղաքացիների վրա՝ թե՛ որպես ընտրող, թե՛ որպես գործարար։ Ոստիկանությունն է, որ ընտրական գործընթացներում հօգուտ իշխանության օգտագործում է քրեական աշխարհի ներկայացուցիչներին։ Այս ամենի համար պատասխանատվությունը Վ. Գասպարյանի վրա է։
  2. Առանցքայն երկրորդ ուղղությունը հանձնարարված է Արմեն Աշոտյանին։ Սրա առջեւ խնդիր է դրված ակտիվորեն հանդես գալ հարցազրույցներով ու հատկապես «ֆեյսբուքով»՝ որպես հիմնական թիրախ ունենալով ԲՀԿ-ը։
  3. Քարոզչական բնագավառում հիմնական ծանրությունը, բացի միշիկական ֆեյք լրատվամիջոցներից, դրված է մասնավորապես Արման Բաբաջանյանի եւ նրա «ժամանակ» թերթի վրա։ Եթե Վ. Գասպարյանի եւ Ա. Աշոտյանի ստանձնած դերակատարությունը որպես վարչախմբի մաս «բացատրելի է», ապա այս վերջինի կերպարը իր կատարած գործերով ավելի ու ավելի շատ մարդկանց է նողկանք պատճառում։ Կոնգրեսի մեր աղբյուրների փոխանցմամբ վերջինս քաղբանտարկյալ էր ճանաչվել միայն այն պատճառով, որ նրան, քաղաքական նկատառումով, անհամաչափ պատիժ էր տրվել։ Սակայն բուն գործը, այն է՝ խարդախությամբ ու փաստաթղթեր կեղծելով զինվորական ծառայությունից խուսափելը, որեւէ կասկած չէր հարուցում։ Կոնգրեսի մեր նույն աղբյուրների փոխանցմամբ, երբ Ա. Բաբաջանյանն արդեն փաստորեն խզել էր հարաբերությունները Կոնգրեսի հետ ու, ըստ էության, նրա դեմ էր աշխատում, Լոս-Անջելոսում` ձեւանալով որպես Կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, դրամահավաք էր անում, իբր, ընդդիմությանն օժանդակելու նպատակով։ Կոնգրեսն ստիպված եղավ գնալ աննախադեպ քայլի՝ համապատասխան պաշտոնական հայտարարություն անել Ա. Բաբաջանյանի եւ «Ժամանակ» թերթի՝ Հայ Ազգային կոնգրեսի հետ կապ չունենալու մասին։

Դե ինչ, նախընտրական պայքարը թեժանում է։ Գործընթացները, կարծես թե, հակում ունեն զարգանալ տվյալ իրավիճակի համար բնական՝ ոչ իշխանական ուժերի՝ Կոնգրեսի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի Ժառանգության՝ իշխանության դեմ մեկտեղվելու ուղղությամբ։ Դա է քաղաքական տրամաբանության պահանջը։ Դա իր մեջ ընդհուպ ամբողջական իշխանափոխության լիցք է պարունակում եւ շատ լուրջ գլխացավանք կլինի վարչախմբի համար։ Առաջիկայում այս չորս ուժերից է՞լ ինչ նոր թիրախ կընտրի վարչախումբն, ի՞նչ գործելակերպ եւ գործող անձինք կընտրի դրանց միավորման՝ իրեն սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Մենք կհետեւենք իրադարձություներին ու դրանցում դերակատարում ստանձնած մարդկանց։

Գագիկ Խաչատրյան