08.09.2012 17:21

Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են. Ռուբեն Հայրապետյանը սպառնում է

Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են. Ռուբեն Հայրապետյանը սպառնում է

«Նուվել դ’Արմենի Մագազին» -ի թղթակիցը Երևանում հարցազրույց է ունեցել Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, որը տպագրվել է “Նուվել դ’Արմենի Մագազին”-ի վերջին համարում (N°188, սեպտեմբեր 2012) «Նեմեց Ռուբոյի չորս «պրինցիպները»» /Les quatre véritées de Nemec Rubo/ վերնագրի ներքո: 

Հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստներին, կոշտ սպառնալիքներ է հնչեցրել նրանց նկատմամբ՝ ընդհուպ սպառնալով հաշվեհարդար տեսնել ընտանիքի անդամների հետ:

«Ակտիվիստներից մեկը՝ Դավիթ Սանասարյան անունով, հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում... Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա», - հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

«Քսան օր առաջ խումբ են ստեղծել, թե ինձ պիտի սնանկացնեն, - շարունակում է Հայրապետյանը: - Դա ո՞նց հասկանանք: Ինչո՞ւ եք ուզում ինձ սնանկացնել: Ես ուզում եմ հասկանալ: Արդարությո՞ւն եք ուզում: Բայց ի՞նչ է նշանակում իրենց էդ ձևը: Երվանդ Մանարյան... Լևոնի շնիկն է: Բիձա, նորմալ մարդ է, տարիքն առել է... Մանարյանն է: Ասում է՝ “Նեմեցը մարդասպան է”: Ինչո՞ւ: (...)

Հրանուշ Խառատյանը... շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ... Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը (Սանասարյան, - խմբ.) իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն..., բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել..."

"Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞: Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց: Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու: Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա: Հասկացեք, այդ դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, ուրեմն գնացեք ռեստորանի դիմաց, ոչ թե իմ տան առաջ: Տունս ի՞նչ կապ ունի: Տարոնի տունն ի՞նչ կապ ունի: Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ “Ամոթ Տարոնին”... Ասացինք. “Լավ, այս անգամ մոռանանք”: Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես... Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է : Սնանկացման... դա ի՞նչ է... ո՞նց է կոչվում... բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար: Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է: Ինչի՞ համար գան տանս վրա: Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի: Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ: Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն: Ես խոստանում եմ՝ դրա դեմն առնելու եմ, մարդուն օրենքից դուրս մեղադրելու դեմն առնելու եմ: Ես կմեղադրվեմ, ես կդատապարտ(վ)եմ, դա խոստանում եմ, բայց պիտի մի հատ դաս լինի այն մարդուն, ով անօրինական ոտնձգություն է անում մարդու դեմ: Փորձում է իրեն օրենքից վեր դասել: Լինի դա լրագրող, լինի դա Դավիթը»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ի ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Վահե Ավետյանը հունիսի 29-ին ժամը 19.00-ի սահմաններում մահացել է:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ:
Կալանավորվել է 6 մարդ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:

Ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժումը պարբերաբար կազմակերպում է բողոքի ակցիաներ, պահանջելով կատարվածի արդար հետաքննություն և դատավարություն: