02.04.2013 14:27

Երևանի քաղաքային իշխանությունների նկարագիրը

Երևանի քաղաքային իշխանությունների նկարագիրը

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ հիմնական ոչ իշխանական քաղաքական ուժերը խոսում են քաղաքային իշխանությունների փոփոխության անհրաժեշտության մասին: Այս հարցում քաղաքական վերոնշյալ ուժերի մոտեցումներն արտահայտված են անգամ կարգախոսների մակարդակում: Այնուամենայնիվ, անհրաժեշտություն կա ընտրություններից առաջ վերստին արձանագրելու և գնահատելու քաղաքային իշխանությունների բնույթը, գնատահական տալու գործունեությանը:

Նախ, պետք է ֆիքսել, որ Երևանի քաղաքային իշխանությունները Հայաստանում ժողովրդից իշխանությունը զավթած ավազակապետական ռեժիմի մասն են: Ինչպես հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի աթոռները, այնպես էլ ավագանու խորհրդի տեղերը Հանրապետական կուսկացությունը զավթել է ոչ օրինակարգ ընտրությունների միջոցով: Քաղաքապետի պաշտոնն այժմ զբաղեցնող Տարոն Մարգարյանը, այսպիսով, նույնքան ոչ օրինակարգ է, որքան Սերժ Սարգսյանը, այդ իսկ պատճառով էլ առաջիկայում կայանալիք ավագանու ընտրությունները պետք է դիտել իբրև իշխանությունը ժողովրդին փոխանցելուն ուղղված պայքար:

Երկրորդ՝ քաղաքային իշխանությունները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, լինելով ավազակապետական բուրգի օղակներից մեկը, ընդամենը խաղալիք են Բաղրամյանի 26-ի ձեռքին, Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կամակատարները: Վկան՝ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած գործընթացները, երբ Սարգսյանը «էսթետիկ բնույթի» ցուցումներ էր տալիս Տարոն Մարգարյանին: Վերջինս, ի դեպ, ոչ միայն Մաշտոցի պուրակում, այլ նաև «Փակ շուկայի» շուրջ ստեղծված աղմուկի ժամանակ ցույց տվեց, որ կամազուրկ է, ունակ չէ կայացնել ինքնուրույն որոշումներ, եթե անգամ դրանք անմիջականորեն բխում են իր պաշտոնի լիազորություններից, փոխարենը՝ առանց հապաղելու կատարում է մերթ Բաղրամյան 26-ի, մերթ՝ ժողովրդի կողմից ատելի սամվելալեքսանյանների ցուցումները:

   Տարոն Մարգարյանի թուլակամության և նախաձեռնողական չլինելու վկայությունն է նաև վերջերս Հայաստան- Չեխիա ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում ստեղծված իրավիճակը, երբ տոմսերը ձեռքներին՝ քաղաքացիները չէին կարողանում մուտք գործել մազարդաշտ:

Խաղից հետո ֆուտբոլասերների բարձրացրած աղմուկի ընթացքում քաղաքային իշխանություններն այնպիսի կեցվածք ընդունեցին, կարծես իրենք ոչ մի կապ չունեն մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ՝ որևէ կերպ չանդրադառնալով դրան ու չմեկնաբանելով տեղի ունեցածը: Այնինչ քաղաքապետարանը, օգտնվելով իր բավականին լայն լիազորություններից ու իրավասություններից, անմիջապես պետք է մասնակցեր քաղաքում տեղի ունեցող միջոցառումների կազմակերպման աշխատանքներին՝ համագործակցելով իրավապահների և այլ գերատեսչությունների հետ, ինչպես վարվում են նորմալ երկրների քաղաքային իշխանությունները:

Երրորդ՝ Երևանի քաղաքային իշխանությունները չունեն մայրաքաղաքի ապագա պատկերը՝ տեսլականը: Անհասկանալի է, թե քաղաքի զարգացման ինչպիսի հայցեկարգի շրջանակներում է գործում քաղաքապետարանը, դեպի ինչպիսի Երևան է առաջնորդում մայրաքաղաքի բնակիչներին: Դատելով քաղաքային իշխանությունների իրականացրած նախաձեռնություններից՝ Երևանի զարգացման իրենց պատկերացումները սահմանափակվում են տոնական օրերին գույնզգույն զարդարանքներով մայրաքաղաքի փողոցները նախշելով:

Արդեն հայտնի է, որ հանարապետականներն այս ընտրություններին մասնակցում են «Ավելի լավ Երևան» կարգախոսով: Դժվար պատկերացնելի է, թե քանի անգամ պետք է քաղաքում ավելանա խայտաբղետ, ֆունկցիոնալ ու էսթետիկ տեսանկյունից անիմաստ զարդերի թիվը, որ հանրապետականները համարեն, թե ավելի լավ Երևան են կառուցել... Կարճ ասած՝ գոյություն չունի Երևան քաղաքի ռազմավարական պլան:

Քաղաքապետարանի ու դրա ղեկավարի արատներին ու թերություններին վերաբերող կետերը կարելի է դեռ երկար շարունակել, բայց վերոհիշյալը, կարծում ենք, բավարար է՝ փաստելու համար, որ քաղաքացիներն ուղղակի պարտավոր են մայիսի 5-ին հեռացնել այս քաղաքային իշխանություններին՝ դրանք փոխարինելով նոր ուժերով՝ այդպիսով ռեժիմի վերահսկողությունից դուրս հանելով մայրաքաղաքը:

Արթուր Մինասյան

«ՉԻ»