02.04.2013 17:09

«Հրեշտակային» պաթոսով հանդես եկող ոստիկանապետի գործելաոճը

«Հրեշտակային» պաթոսով հանդես եկող ոստիկանապետի գործելաոճը

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների դառը փորձից հետո, գիտակցելով, որ մայիսին կայանալիք Երևանի ընտրությունների ժամանակ իշխանությունը, ի դեմս ՀՀԿ-ի, չունի ընտրազանգված և չի կարողանալու ձայներ ապահովել, գործի են դրվել առաջին հայացքից իրարամերժ երկու համակարգեր` քրեական և ոստիկանական:

Հավաստի աղբյուրների համաձայն, մայրաղաքաղի տարբեր հատվածներում աշխատելու համար ազատազրկման վայրերից բաց են թողնվում տարբեր կալիբրի քրեական հեղինակություններ` «Ապահով Հայաստան» կերտելու նպատակով: Կամ էլ ազատազրկման վայրերում գտնվող անձանց հարազատներին առաջարկվում է որոշակի թվով ձայների դիմաց ընտրություններից հետո ազատ արձակել բանտում գտնվող հարազատին: Ի դեպ, այս գործելաոճը լայնորեն կիրառվում էր վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Մյուս կողմից, լայնորեն տարածվում է ոստիկական ուժի անօրինական կիրառումը: Այն է` տարբեր թաղերում ոչ ՀՀԿ-ի օգտին աշխատող ակտիվիստներին պարբերաբար սպառնում են քրեական գործեր հարուցել և դատել: «Կամ աշխատեք ՀՀԿ-ի համար, կամ կբռնենք»: Սա է «հրեշտակային» պաթոսով հանդես եկող ոստիկանապետի գործելաոճը: Ի դեպ, Երևանում այս ողջ հակաօրինական գործողությունները համակարգումը դրված է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ` գնդապետ Աշոտ Կարապետյանի վրա: Այնպես, որ` ճանաչենք մեր հերոսներին դեմքով: Երբ Ս. Սարգսյանը իրականացնում էր «Թամամ» օպերացիան ու նրան հեռակա դիմելով ասում էր «…այ անբարոյական, բա ոստիկանը նման բան կանի…», հավանորեն նա նկատի ուներ, թե ոստիկանը պետք է զբաղվի ընտրությունների կեղծմամբ, մարդկանց վախեցնելով, բռնելով, կեղծ գործեր հարուցելով: Այ դա կլինի իսկական բարոյականություն:

Վարդան Աբրահամյան