02.04.2013 19:32

Նեմեցն ընդդեմ Ներսիկի

Նեմեցն ընդդեմ Ներսիկի

Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը կրկնակի խայտառակ ստացվեց: Նախ, թիմը ցուցադրեց վերջին տարիների իր ամենադժգույն խաղերից մեկը, բացի այդ, տոմսերը ձեռքին 2-3 հազար մարդ մնացին մարզադաշտի դարպասներից այն կողմ:

Մի քանի օր շարունակ ՀՖՖ նախագաը Ռուբեն Հայրապետյանը կատարվածի համար մեղադրում էր ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը` ի դեմս մայրաքաղաքի ոստիկանության վարչության պետ Ներսիկ Նազարյանի, Ֆուտբոլի ֆեդերացիային, այլ կերպ ասած՝ Ռուբեն Հայրապետյանին:
Այստեղ ուշագրավն այն է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քաջատեղյակ լինելով Ռուբեն Հայրապետյան-Ներսիկ Նազարյան քավոր-սանիկական հարաբերություններից, միմյանց դեմ հանեց հենց նրանց: Ներսիկ Նազարյանը, արագ կողմնորոշվելով, մի կողմ դրեց բարեկամական հարաբերությունները, եւ ամենակոշտ դիրքերից մեղադրանք ներկայացրեց ՀՖՖ-ին: Նա շատ դիպուկ նկատեց, որ երբ մարզադաշտում նույնիսկ աստիճանների վրա կանգնելու տեղ չկա, իրենք պարտավոր էին փակել մարզադաշտի մուտքերը:
Այս ամենից հետո Ռուբեն Հայրապետյանն ասուլիս հրավիրեց: Իսկ մինչ ասուլիսը նա կատարվածի համար մեղադրում էր հենց ոստիկանությանը: Թվում էր, որ նա ասուլիսին կշարունակի նույն կերպ, սակայն արդեն ինչ որ բան փոխվել էր եւ նա, ով ամիսներ առաջ ասուլիսներից մեկի ժամանակ հպարտանում էր, թե ինքը վատ մարդկանց պատժում է ծեծելով, այս անգամ կտրուկ ետ քաշվեց եւ ընդունեց, որ այստեղ մեղավորը հաստատ ոստիկանությունը չէ:
Այսուհանդերձ, այս ամենը այսբերգի միայն երեւացող կողմն է: Իրականում գործող իշխանությանը բնորոշ «ռազբորկաները» դեռ շարունակվում են: Շրջանառվող լուրերի համաձայն, Ռուբեն Հայրապետյանի գործերն իրականում շատ ավելի վատ են, քան կարող է թվալ: Նրան հասկացրել են, որ նա պետք է մտածի ՀՖՖ-ից իրերը հավաքելու մասին:
Պարզ է, որ առաջիկա խաղերում մեր թիմը մրցաշարային իրավիճակը չի կարող բարելավել: Լավագույն դեպքում կարող են ոչ ոքի խաղալ կամ հաղթել փոքրիկ Մալթայի ավելի քան թույլ հավաքականին: Այս ամենը գիտակցում է նաեւ Ռուբեն Հայրապետյանը: Իրականում բոլորն են հասկանում, որ խնդիրը ոչ թե թույլ մարզիչ Վարդան Մինասյանն է, որը պարզապես Ռուբեն Հայրապետյանի կամակատարն է, այլ հենց Ռուբեն Հայրապետյանը, որն իր որոշումներով եւ քայլերով պարզապես սպանում է ֆուտբոլը, այդ թվում եւ՝ ազգային հավաքականը: Իսկ Նեմեց Ռուբո-ոստիկանություն երկօրյա առճակատումը ցույց տվեց, որ Նեմեցն իր երազած անկոտրում ու դուխով տղեն չի: Եվ հարկ եղած դեպքում գիտի մեղքն իր վրա վերցնելու ձևերը:

Արթուր Բարսեղյան