04.04.2013 18:45

Քվեարկում եք Տարոնին` ընտրում եք Նեմեցին, Թոխմախցուն, Լֆիկին…

Քվեարկում եք Տարոնին` ընտրում եք Նեմեցին, Թոխմախցուն, Լֆիկին…

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն անձնապես կոչ էր անում ընտրել Ավանում` Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին, Էրեբունիում` Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախի Մհերին, Մալաթի-Սեբաստիայում` Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին: Սա ներկայացվում էր երկրորդ սերնդի բարեփոխումների համատեստում: Թե ինչ եղավ դրանից հետո` գիտենք բոլորս: Նեմեցի թիկնապահները ծեծելով սպանեցին հայ սպայի, Թոխմախի Մհերը սպառնաց ջարդել լրագրողի ծնոտը, իսկ Լֆիկը Երևանի կենտրոնում քանդում է Փակ շուկան: Սա 10 ամիս առաջ էր: Այսօր լրիվ նույն վիճակն է:

Քվեարկել Տարոնին` ընտրել Նեմեցին

Քաղաքապետի գործունեությանը քաջատեղյակ մարդիկ վկայում են, որ Տարոն Մարգարյանը առանց Նեմեց Ռուբոյի հավանության որևէ հարց չի լուծում: Ամեն օր Հայրապետյանին զեկուցվում է օրվա դիմումները, նախագծերը, հարցերը: Եվ միայն նրա հավանությունից հետո  է ընթացք տրվում գործին: Իսկ ում չի հավանում Հայրապետյանը, նրանց գործերը մերժվում են: Ասֆալտապատման ողջ գործընթացը վերահսկում է նույն Հայրապետյանը, ով ամեն տեղ ասում է, որ Տարոնը «խելոք ա, մեր տղեն ա…»:  Մայիսին կայանալիք ընտրություններից հետո, Հայրապետյանը հույս ունի շարունակել նույն ոգով. դրածո քաղաքապետ, իսկ ինքն էլ` ստվերային «նայող»:

Քվեարկել տարոնին` ընտրել Թոխմախին

Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը լծվել է գործի: Կարծիք է հայտնում, իրեն ներկայացնում քաղաքի տղա, հարց լուծող, Սերժ Սարգսյանի թիմակից և այլն: Իսկ իրականությունն այն է, որ Ս. Սարգսյանի հետ ունի պայմանավորվածություն` ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում իր որդին դառնում է ոչ ավել, ոչ պակաս` Երևանի փոխքաղաքապետ, իսկ իր մեկ այլ, մերձավոր ազգականը` Էրեբունու  թաղապետ: Սա է «լավ տղու» նրա պատկերացումը: Սա է ժողովրդի մասին մտածող տղու նրա պատկերացումը: Այս պարզ ու փոքր նպատակների համար է նա պատրաստվում Էրեբունու բնակչությանը հերթական անգամ թրաֆիկինգի ենթարկել: Վախի ու սարսափի մթնոլորտը, որը տարածված է այս համայնքում, միայն խրախուսվում է Ս. Սարգսյանի կողմից:

Քվեարկել Տարոնին` ընտրել Լֆիկին

Սերժ Սարգսյանը Սամվել Ալեքսանյանին խոստացել է, որ լավ աշխատելու դեպքում իր եղբոր որդին` Արտակ Ալեքսանյանը, դառնալու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ թաղապետ, իսկ գործող թաղապետ, Լֆիկի կամակատար Դավիթ Օհանյանը Երևանի մյուս փոխքաղաքապետը:  Սա էլ Լֆիկ Սամոյի շարժառիթը: Թե արդյունքում ի՞նչ կկատարվի Երևանի հետ, դժվար չէ պատկերացնել:

Ելքը

Կա մի լուծում. երեւանցին պարտավոր է ոտքի կանգնել, դուրս գալ փողոց ու ընդամենը ասել` մենք ստրուկ չենք, մենք նեմեց չենք, մենք թոխմախ չենք, մենք լֆիկ չենք: Եթե մայիսին դա չենք կարողանալու անել, ապա հետո ուրիշներին մեղադրելու որևէ իրավունք չենք ունենալու: Հարցը Տարոն Մարգարյանը չէ: Մեծ հաշվով, հարցը նույնիսկ ՀՀԿ-ն չէ: Հարցը Սերժ Սարգսյանն է ու իր գողական, կրիմինալ ախպերությունը, որը ուզում են հերթական անգամ փաթաթել մեր ու մեր երեխաների վզին:

Արմեն Ասրյան