06.04.2013 12:03

Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում. Մամուլ

Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում. Մամուլ

«Առավոտը»՝ «Ամեն հայի սրտից բխած» վերնագրով խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ և, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք և համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան և ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձևակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ: Երբ այդ նպատակները ձևակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով, իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են): Ես էլ եմ, իհարկե, ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ` ընդհուպ մինչև «ծովից ծով»: Բայց ես նաև հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձևակերպումն անիմաստ է, եթե ոչ` վտանգավոր: Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաև հասկանալի է, երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը` «մենք ո՞վ ենք»: Եվ հայրը պատասխանում է` «հայ ենք»: Երեխայի հաջորդ հարցը` «իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում»: Պատասխան` «թուրքերն են մեզ քշել մեր հայրենիքից»: «Վայ, ես դրանց...»: Միանգամայն բացատրելի զգացմունքներ են` զարմանալի, աններելի կլիներ, եթե հոր և որդու միջև նման երկխոսություն տեղի չունենար: Բայց հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի: Նման մտածողության մեջ կա նաև մի տարր, որն ինձ համար ընդունելի չէ: Այդ մոտեցումը ենթադրում է ինչ-որ իմպերատիվ պահանջներ` եթե դու հայ ես, ուրեմն պարտավոր ես անել այս կամ այն բանը: Անձամբ ես չեմ ընդունում որևէ հասարակական պարտավորվածություն, որը չի բխում օրենքի պահանջներից: Մնացածը ցանկություններ են, տեսակետներ են, իրավունքներ են: Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը` լավ եք անում, Ձեր իրավունքն է: Պահանջո՞ւմ եք Թուրքիայից, Իրանից և Վրաստանից մեր պատմական հայրենքը` էլի նորմալ է: Գտնո՞ւմ եք, որ բոլոր թուրքերին պետք է պայթեցնել` որպես վրեժ Ցեղասպանության համար` այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի: Բայց մի պահանջեք, որ աշխարհի բոլոր հայերը նույն կերպ մտածեն: Վերջերս կարդացի, որ հայը «իրավունք չունի» հայտնելու տեսակետ, որը տարբերվում է Դաշնակցության դիրքորոշումից: Նրանք, ովքեր այդպես են կարծում, պետք է պահանջեն իրենց Բյուրոյից, որ վերջինս ամեն օր 10 միլիոն շրջաբերական թողարկի, որ մենք բոլորս այդ «ծիրին մեջ» ենք: Հետաքրքիր է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում: Դա էլ է, երևի, օրինաչափ»: