06.04.2013 16:41

Նիկոլ, դու էլ հո վարագույրների հետեւից ծիկրակողներից չե՞ս եղել

Նիկոլ, դու էլ հո վարագույրների հետեւից ծիկրակողներից չե՞ս եղել
Լուս.՝ Ֆոտոլուրի

Երբ «լեթարգյան քնից» արթնացած նորօրյա, այսպես կոչված, հեղափոխականներն են դասեր ու ամոթանք տալիս «դավաճաններիս», մի կերպ հասկանում եմ: Թե ոնց պատահեց, որ հանկարծ այսպես խիզախ ու անձնազոհ դարձան, իրենք կիմանան ու մեկ էլ իրենց հարեւանները: Իսկ որ ներկա պահին կողքից նայողներիս «դավաճան» են ասում, դե  բա` ո՞վ լիներ, որ չասեր. իրենք «անձնազոհվում են» ախր, «դավաճաններս» էլ ոչ միայն իրենց հետ չենք անձնազոհվում, դեռ մի բան էլ` հեգնում ենք: Մի կերպ հասկանում եմ նաեւ տարիներ շարունակ ազատության եւ արդարության համար պայքարողների շարժին իրենց ապահով բնակարանների լուսամուտների վարագույրների ճեղքերից ծիկրակելով հետեւողներին, երբ այս մարդիկ Ազատության հրապարակի ներկայիս անցուդարձն «աննախադեպ» են գնահատում: Դե, տեղյակ չեն, թե ինչեր են կատարվել մինչ իրենց «հայտնությունը»: Եւ եթե նույնիսկ տեղյակ են, նրանց իմացածը նույնքան է, որքան իրենց մատուցվել է Հայաստանի անդեմ-կամակատար, դեռեւս «ստադուլ» ու «կեղծիքադուլ» չհայտարարած հեռուստաալիքներով:

Նողկանքով, բայց մի կերպ հասկանում եմ նաեւ նրանց, ովքեր 2008-ին մեր պայքարի ընկերներն են եղել, բայց այսօրվա Հրապարակում իրենց «հիացմունքը» չեն թաքցնում, թե ոնց հաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանին` գրեթե երկու ամիս պայքարը շարունակել: Հասկացածս էլ սա է. էս մարդիկ ստահակ են ու ծախու, մտածում են` գուցե Րաֆֆուն հաջողվի իշխանությունը «կիսել», ու իրենց էլ մի «բրդուճ» հասնի: Հասկանում եմ նաեւ Հրապարակի հարթակի մատույցներում կանգնածներին, որոնք դեռ չլսած` հերթական հռետորն ինչ է ասում` բղավում են` այո~, զանազան ոգեւորություն արտահայտող ձայնարկություններ են օդ շպրտում, եւ ուշադիր հետեւողը հեշտությամբ կնկատի, որ նույնկերպ ոգեւորվում են բոլո’ր դեպքերում: Մի հռետոր մի բան է ասում` ոգեւորվում են, հաջորդը նախորդին հակասող բան է ասում` էլի’ ոգեւորվում են, երրորդը երկուսի ասածն էլ սխալ է հանում` էլի ոգեւորվում են: Դե ոչինչ, երեւի պրպտուն միտք ունեն:

Այս բոլորի մեջ մի մարդ կա, որին ոչ մի կերպ չեմ հասկանում: Այս մարդը, կարելի է ասել, չափահաս դառնալուց ի վեր Հայաստանում ընթացած ազատության, արդարության համար պայքարողների շարքերում մշտապես եղել է: Այս մարդը, նաեւ գործի բերումով, ամենաքաջատեղյակներից է, թե ինչեր են կատարվել Ազատության հրապարակում, Ազատության հրապարակի մատույցներում եւ մատույցներից անդին: Այս մարդը զրկանքներ է կրել, մի քանի տարի անազատության դառնությունն է զգացել: Այս մարդը, կարծես, հասել է իր հնարավորությունների բարձրակետին` ԱԺ պատգամավոր է դարձել (գուցե ինքը կարծում է, որ ավելիին է արժանի, թող կարծի. սա իմ սուբյեկտիվ տեսակետն է): Այսինքն, պետք է որ այս մարդուն Հրապարակ տաներ միմիայն մի նպատակ, նույն նպատակը, ինչի համար ինքը միշտ եղել է Հրապարակում` պայքար հանուն արդարության, ազատության, օրենքի գերակայության, ինչին հնարավոր է հասնել միմիայն իշխանափոխությամբ: Ով` ով, ինքը դա վաղուց է հասկացել եւ բարձրաձայնել: Հիմա չի՞ հասկանում, որ իր ցանկությունն ու այս օրերի հերոսի` Հայաստանի ընտրյալ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունները չափազանց տարբեր են: Դժվար թե չհասկանա: Չի՞ հասկանում, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկանա, մնացածների աշխարհացունց ցանկությունները զրոյանալու են մի պարզ պատճառով` տվյալ պահին պայքարն ընթանում է Հայաստանի նախագահի աթոռը զավթողին ստիպելու համար, որ աթոռը վերադարձնի իրական հաղթողին, իսկ ահա իրական հաղթողն իր յուրաքանչյուր քայլով հասարակության աչքն է խոթում, որ ինքը «ռահվիրային» թախտից գցելու նպատակ չունի: Եւ եթե նույնիսկ` ունի, ապա միայն մի դեպքում` եթե մի հրաշքով Սերժիկ Սարգսյանին երազում ճերմակամորուս հրեշտակն այցելի ու հրամայի, որ նախագահի գահը դնի սկուտեղի վրա ու հանդիսավոր պայմաններում նվիրի Րաֆֆուն, հակառակ դեպքում` Աստծո կրակը կթափվի նրա գլխին:

Լավ, գուցե հասկանում է, բայց այնքան մեծ է ցանկությունը` գահընկեց եղած տեսնել իշխանությունը զավթած Սերժիկին, որ փրփուրներից է կախվում: Դա էլ հասկացանք: Բայց ի՞նչ է կատարվել այս մարդու հիշողության հետ: Շատ բան է մոռացել` տեսնում ենք: Շատ-շատ բաների մասին ժամանակին այլ բան է ասել, հիմա դրան հակառակ բաներ է ասում` դա էլ հասկացանք: Գուցե վստահ է, որ ժամանակին սխալ է մտածել, հիմա ճշտի գծի վրա է ընկել, եւ ընդամենը մի թուլություն ունի` չի կարողանում խոստովանել, որ ինքն էլ կարող է սխալվել: Ամեն ինչ կարող եմ հասկանալ, գերմարդկային ճիգեր եմ թափում, որ հասկանամ. մեկ-մեկ հաջողվում է նույնիսկ: Բայց երեկ, երբ այս մարդը` Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց հարթակից, որ ապրիլի 9-ին ինքը Հրապարակում է լինելու իր ընտանիքի հետ, եւ պրպտուն միտք ունեցող միտինգավորները հիացմունքից հալվեցին, չեմ թաքցնում` ապշահարությունից քարացա:

Սիրելի Նիկոլ, դու էլ հո վարագույրների հետեւից ծիկրակողներից չե՞ս եղել: Դեռեւս 1988 թվականից ի վեր հարյուրավոր միտինգավորներ իրենց ընտանիքների եւ մանկահասակ երեխաների հետ են եկել Ազատության հրապարակ: 2008-ին, կարելի է ասել, շատ-շատերի երեխաները Ազատության հրապարակում են մեծացել` իրենց հայրերի ուսերի վրա: Հենց քո’ հրաշալի երեխաներն ու կինն Ազատության հրապարակից չեն բացակայել: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քո անուշիկ Շուշանի հայտնի լուսանկարը ամենաքարսիրտ մարդու աչքերն անգամ թացացնում է: Հյուսիսային պողոտայում ինքնակամ բանտված` երբ պայքարում էինք քո եւ մնացած քաղբանտարկյալների ազատության համար, իմ աչքի առաջ քանի-քանի հեկեկացող երեխա եմ տեսել, որոնց, առանց խնայելու, գազանի նման քաշքշել են բազազիկները… Ու ինձ նման քանի-քանիսն են այդ երեխաների հետ հեկեկացել անզորությունից:

Երեկվանից մտածում եմ ու չեմ հասկանում` ի՞նչ էիր ուզում ասել քո այդ բոցաշունչ հայտարարությամբ: Այն էլ` որ Ազատության հրապարակը հիմա արտոնյալ պայմաններում է: Ի՞նչ են մտածում այն հատուկենտները, որոնք ժամանակին քեզ հետ միասին մեր կողքին էին, հիմա քո կողքին են, երբ այնպիսի ոգեւորությամբ են ներկայացնում քո այդ հայտարարությունը, կարծես իրենց համար դա էլ էր «աննախադեպ»-երի շարքից: Իրենք էլ հո անսպասելի «անձնազոհ» դարձած պրպտուն միտք ունեցողների՞ց չեն:

Չգիտեմ: Չեմ հասկանում: Ինչ էլ որ հասկանում եմ, պատրաստ չեմ բարձրաձայնել: Շարունակում եմ հարգել իմ այն տաք զգացմունքը, որ ժամանակին ունեցել եմ քո նկատմամբ:

Առողջ եղիր:

Լիզա Ճաղարյան