09.04.2013 13:56

Մանչեսթերյան դերբին ավարտվեց «Սիթիի» հաղթանակով

Մանչեսթերյան դերբին ավարտվեց «Սիթիի» հաղթանակով

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում կայացավ թերեւս առաջնության գլխավոր մրցավեճը` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»:

Հանդիպումը մրցաշարային տեսանկյունից հետաքրքրություն չէր առաջացնում, քանի որ Ալեքս Ֆերգյուսոնի սաները գործնականում ապահովել են իրենց չեմպիոնությունը, սակայն դա նաեւ մանչեսթերյան դերբին էր, որը ամենաանհաշտ ու անզիջում դիմակայություններից մեկն է Եվրոպայում, եւ հետո խաղում էին մրցաշարի առաջատարները:

Բավական լարված ու հետաքրքիր այս խաղում ուժեղ գտնվեցին «Սիթիի» ֆուտբոլիստները, որոնք էլ հաղթեցին 2:1 հաշվով: Ուշագրավ է, որ երեք գնդակն էլ խփեցին «Սիթիի» ֆուտբոլիստները: 51-րդ րոպեին հաշիվը բացեց Ջեյմս Միլները:

59-րդ րոպեին Վենսան Կոմպանին գրավեց սեփական դարպասը, դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 79-րդ րոպեին Սերխիո Ագուերոն գերազանց անցումով շրջանցեց «Յունայթեդի» մի քանի պաշտպանի եւ փայլուն գոլի հեղինակ դարձավ:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 65 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 77 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2

Վենսան Կոմպանի, 59 (ինքնագոլ) – Ջեյմս Միլներ, 51, Սերխիո Ագուերո, 79