03.10.2012 01:51

Վլադիմիր Կարապետյան. Նման պայմաններում Հայաստանի եւ Վրաստանի զարգացման տեմպերի տարբերությունը միայն աճելու է

Վլադիմիր Կարապետյան. Նման պայմաններում Հայաստանի եւ Վրաստանի զարգացման տեմպերի տարբերությունը միայն աճելու է

«Ցանկանում եմ շնորհավորել վրաց ժողովրդին, այսօրվա եւ վաղվա իշխանություններին եւ ընդդիմությանը` Կովկասյան տարածաշրջանում ընտրությունների մջոցով իշխանափոխության ավանդույթ հիմնադրելու համար»,- Հայ ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն iLur.am-ի հետ զրույցում այսպես մենաբանեց երեկ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքը, ըստ որի Վրաստանի գործող իշխանությունները ճանաչեցին ընդդիմության հաղթանակը:

Կարապետյանը նշեց, որ սա իսկապես հասուն ժողովրդավարության քայլ էր, որը եւս մեկ անգամ ապացուցում է տարածաշրջանում Վրաստանի առաջնորդությունը ժողովրդավարության հարցում:

«Հարկ եմ համարում նաեւ բոլորի ուշադրությունը հրավիրել միջազգային բազմաթիվ դիտորդական առաքելությունների, ԱՄՆ, Ֆրանսիայի, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ, միջազգային այլ կազմակերպությունների աննախադեպ դրական արձագանքների վրա` անցկացված ընտրությունների վերաբերյալ: Իշխանությունները, Վրաստանի նախագահն այսօրվանից երկրի զարգացման համար նոր լիցքեր են ստանում, որոնք կարտահայտվեն թե ժողովրդի կողմից բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությամբ, եւ թե միջազգային հանրության աջակցությամբ: Տարածաշրջանային բարդ իրավիճակում գտնվող Վրաստանը չգնաց ընտրակաշառք բաժանելու ճանապարհով, հեռացրեց թաղային հեղինակություններին որեւէ դերակատարությունից ընտրություններում, ընտրակեղծիքները արդարացնելու համար հղում չկատարեց տարածաշրջանի կոնֆլիկների վրա, այլ պարզապես ապահովեց ժողովրդի ազատ կամարտահայտությունը` չվախենալով կորցնել իշխանությունը»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տարբերությունները առավել ցայտուն են դառնում համեմատության մեջ:

«Շուրջ 20 տարի բարձրագույն իշխանության մեջ գտնվող անձնավորությունը պատրաստվում է առնվազն եւս հինգ տարով երկարաձգել իր իշխանությունը: Եւ այդ ամենն այն ֆոնի վրա, որ միջազգային դիտորները երկրորդ անգամ անընդմեջ քննադատում են հայաստանյան ընտրությունները, անցած նախագահական ընտրություններին հաջորդած տաս մարդկանց սպանությունները, հարյուրավոր հրազենային վիրավորները բացահայտված չեն, Հայաստանը դարձել է տարածարջանում հետնապահ բոլոր հարցերում եւ այդ ամբողջի հետեւանքով անշեղորեն աճում է արտագաղթը: Նման պայմաններում Հայաստանի եւ Վրաստանի զարգացման տեմպերի տարբերությունը միայն աճելու է»,- նշեց Կարապետյանը: