10.04.2013 14:40

Եթե «Հայլուրը» լրատվամիջոց լիներ. Ըստ «Հայլուրի»` երեկ կար Սերժ, միայն Սերժ և նորից Սերժ (տեսանյութ)

Եթե «Հայլուրը» լրատվամիջոց լիներ. Ըստ «Հայլուրի»` երեկ կար Սերժ, միայն Սերժ և նորից Սերժ (տեսանյութ)

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ինչպես հիշում ենք` գոյատևում է մեր` հարկատուներիս հաշվին: Մենք մեր հարկերը վճարում ենք, այդ գումարներից ձևավորվում է պետական բյուջե, այդ բյուջեից ֆինանսավորվում է Հանրային հեռուստաընկերությունը, որը առաջին հայացքից, պետք է որ սպասարկի իրեն ֆինանսավորողների` հանրության շահերը: Բայց դա այդպես կլիներ, եթե Հանրայինը կամ այդ հանրայինով եթեր հեռարձակվող լուրերի թողարկումը` «Հայլուրը» լրատվամիջոց լիներ:

Բայց այն ինչպես հիշում ենք, լրատվամիջոց չէ, այլ` քարոզչամիջոց է: Իրավական առումով ասած` ապօրինի, քանզի չի կատարում այն, ինչի համար կոչված է և ֆինանսավորվում է, լրատվություն փոխանցելու փոխարեն` ներկայացնում է բացառապես իշխանություններին, բարոյական իմաստով ասած` «ուտող-ուրացող», քանզի մեր գումարները ստանում է, բայց` ծառայում է իշխանություններին:

Օրինակները, իհարկե, շատ են: Բայց բերենք ամենաթարմ օրինակը: Երեկ Երևանում կայացած երկու «երդմնակալություններից» հետո քաղաքում իրարանցում էր: Մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջում էին «հիմա», և ոչ թե գնալ Ծիծեռնակաբերդ: Արդյունքում Հովհաննիսյանը ստիպված եղավ տեղի տալ և հայտարարել, թե Ծիծեռնակաբերդ գնում են Բաղրամյանով: Մարդիկ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որը ոստիկանները արդեն փակել էին: Տեղի ունեցան բախումներ, հետո եկավ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, զրուցեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և վերջինիս հետ քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ` այլ ճանապարհով: Մարդկանց մի մասը գնաց Հովհաննիսյանի հետ, մեծ մասը մնաց Բաղրամյանի վրա: Ծիծեռնակաբերդում` Զորավարի հետ աղոթելուց հետո, Հովհաննիսյանը վերադարձավ Բաղրամյան, և փորձեց մարդկանց համոզել Բաղրամյան պողոտայից գնալ Ազատության հրապարակ: Մարդիկ երկար ժամանակ չէին ենթարկվում, իրավիճակը քանի ժամ լարված էր:

Լրատվամիջոցների մեծ մասը փորձում էր ուղիղ եթերով հեռարձակել տեղի ունեցողները, առավելևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտորեն չէր վերահսկում իրավիճակը, և նրանից դժգոհ քաղաքացիների ու ոստիկանների բախումների հավանականությունն անխուսափելի կարող էր լիներ: Եւ ի՞նչ էր այդ ժամանակ եթեր հեռարձակում հանրայինի «Հայլուրը»` ուղիղ հեռարձակմամբ: Սերժ, Սերժ և նորից Սերժ:

Սերժ Սարգսյանը երդվեց, Սերժ Սարգսյանը ընդունեց կառավարության հրաժարականը, Սերժ Սարգսյանը ընդունեց իր նստավայրի մոտ կայացած զորահանդեսը, Սերժ Սարգսյանը ընդունեց այս երկրի պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը ընդունեց այն երկրի պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը` այս, Սերժ Սարգսյանը` այն, և այսպես շարունակ:

Միայն 46 րոպե Սերժ Սարգսյանի մասին խոսելուց հետո, 2 րոպեանոց ռեպորտաժ «Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը» վերնագրով, որտեղ ցուցադրվում էին առավոտյան հանրահավաքի կադրեր և մի նախադասություն այն մասին, որ բախումներից խուսափելու համար դեպքի վայր է ժամանել Վովա Գասպարյանը:

Այսինքն, ըստ «Հայլուրի», երեկ Հայաստանում և Երևանում այն ինչ տեղի է ունեցել, կապված էր միայն ու բացառապես Սերժ Սարգսյանի հետ: Իսկ ժողովուրդը՞: Ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ լարվածություն, ի՞նչ բախումներ: Չի եղել նման բան: Չե՞ք հավատում: Դիտեք «Հայլուրը»:

Այն «Հայլուրը», որը հիշեցնենք` գոյատևում է հենց այդ նույն ժողովրդի գումարներով:

Իսկ իրականում, ոչ հայլուրյան Հայաստանում...