10.04.2013 15:00

Խելահեղ ֆուտբոլ Ստամբուլում

Խելահեղ ֆուտբոլ Ստամբուլում

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի առաջին օրվա երկու հանդիպումներն էլ ավարտվեցին 3:2 հաշվով: «Բորուսիան» սուպերդրամատիկ խաղում այդ հաշվով հաղթեց «Մալագային», իսկ «Գալաթասարայը»՝ «Ռեալին»: Ընդ որում, «Գալաթասարայը» կամային հաղթանակ տարավ, սակայն Արքայական ակումբն առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:

Խաղի հենց մեկնարկից Ժոզե Մոուրինյոյի թիմն ապացուցեց իր բարձր կարգը եւ 8-րդ րոպեին բացեց հաշիվը: «Ռեալին» առաջ մղեց ընթացիկ մրցաշարի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր գոլերի քանակը հասցրեց 10-ի: Առաջին խաղակեսում հյուրերը կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն «Գալաթասարայի» դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան աչքի էր ընկնում վստահ խաղով, եւ թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոնալդուն մոտ էր մադրիդցիների երկրորդ գնդակը խփելուն, սակայն պորտուգալացին չկարողացավ մի քանի մետրից գրավել դարպասը: Րոպեներ անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը եւ կոտդիվուարցի պաշտպան Էմանուել Էբուեն անկրկնելի հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ ոչ մի շանս չտալով «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսին: Թուքերը կարող էին շատ արագ առաջ անցնել հաշվի մեջ, բայց Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չկարողացավ օգտվել «Ռեալի» պաշտպանների սխալից՝ վրիպելով հարմար դիրքից: Այնուամենայնիվ, 71-րդ րոպեին Սնեյդերն ուղղեց իր սխալը եւ, ճեղքելով «Ռեալի» պաշտպանությունը, առաջ մղելով «Գալաթասարային»: Ժամացույցի փոքր սլաքը չէր հասցրել մեկ պտույտ կատարել, երբ Դիդյե Դրոգբան գեղեցիկ հարվածով խփեց «Գալաթասարայի» երրորդ գնդակը՝ հույս պարգեւելով թուրք երկրպագուներին: Դաշտի տերերը բարձր տեմպով անցկացրին խաղի վերջնամասը, բայց Ժոզե Մոուրինյոյի թիմն այլեւս չսխալվեց, իսկ ավելացված ժամանակում Ռոնալդուն նաեւ դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին, հայտնում է Sport.News.am-ը: Եվ մեկ գերազանց հանդիպում: Տեսնենք, թե ինչիպիսի կլիներ այսօրվա հանդիպումները՝ «Բարսելոնա»-ՊՍԺ, «Յուվենտուս»-«Բավարիա»:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Գալաթասարայ» - «Ռեալ»՝ 3:2 (առաջին հանդիպում՝ 0:3)

Էմանուել Էբուե, 57, Ուելսի Սնեյդեր, 71, Դիդյե Դրոգբա, 72 –Կրիշտիանու Ռոնալդու, 8, 90+2