10.04.2013 18:13

Մի գավարիմ Տարոն, պադրազումեվայեմ` Սերժ (ՀՀԿ), մի գավարիմ Սերժ (ՀՀԿ)` պադրազումեվայեմ` Տարոն

Մի գավարիմ Տարոն, պադրազումեվայեմ` Սերժ (ՀՀԿ), մի գավարիմ Սերժ (ՀՀԿ)` պադրազումեվայեմ` Տարոն

Երևանի ավագանու ընտրություններում, ինչպես հայտնի է` մասնակցում են կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ընտրություններից հետո` նվազագույն շեմը հաղթահարելուց հետո, ներկայացնում են քաղաքապետի իրենց թեկնածուներին, և նա, ով ավագանու նիստում ստանում է մեծամասնության քվեները, դառնում է քաղաքապետ:

Այնինչ, եթե այս օրերին հետևենք, թե ինչ նախընտրական պաստառներով է ՀՀԿ-ն մասնակցում ավագանու ընտրություններին, տպավորություն կստեղծվի, որ այս ընտրություններին ոչ թե ՀՀԿ-ն է մասնակցում, այլ` միայն Տարոն Մարգարյանը: Ասել է թե` ՀՀԿ-ն ամեն գնով փորձում է այս ընտրություններում Տարոն Մարգարյանին զատել ինքն իրենից, և ներկայացնել առանձին: Նախընտրական պաստառների վրա Տարոն Մարգարյանի մեծադիր լուսանկարն է, և նրա անունը` մեծ տառերով, իսկ ահա` ՀՀԿ-ի անունը գրված է անկյունում, և այնքան փոքր տառերով, որ հազիվ է երևում:

Նույն քարոզչական մեխանիզմը իշխանությունները փորձում են կիրառել նաև համացանցում: «ՀՀԿ-ն մի բան չի, բայց Տարոնը կարգին տղա է», «ՀՀԿ-ից զզվում են, բայց` Տարոնը լավն է» ոճի մեջ: ՀՀԿ-ի այս պահվածքն, իհարկե, իր տրամաբանական բացատրությունն ունի. այդ ուժը հասկանում է, որ այնքան վարկաբեկված է, այնքան է ժողովուրդը մեղմ ասած «զզվում» այդ կուսակցությունից, որ նրանք որոշել են քարոզչական հնարքների միջոցով մարդկանց հրամցնել` իրենց կարծիքով գոնե հրապարակայնորեն ավելի քիչ արատավորված Տարոն Մարգարյանին` զատված ՀՀԿ-ից:

Բայց, պետք է խոստովանել, որ այդ հարցում իշխանությունը չի կարող հաջողություն արձանագրել, մի շատ պարզ պատճառով: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ երբ մենք ասում ենք Տարոն` մենք հասկանում ենք նաև ՀՀԿ, Սերժ Սարգսյան, Ռուբեն Հայրապետյան` Նեմեց Ռուբո, Սամվել Ալեքսանյան` Լֆիկ Սամո, Մհեր Սեդրակյան` Թոխմախի Մհեր, Միքայել Մինասյան` փեսա Միշիկ և այսպես շարունակ: Եւ ավելին, երբ մենք ասում ենք ՀՀԿ, Սերժ Սարգսյան, Ռուբեն Հայրապետյան` Նեմեց Ռուբո, Սամվել Ալեքսանյան` Լֆիկ Սամո, Մհեր Սեդրակյան` Թոխմախի Մհեր, Միքայել Մինասյան` փեսա Միշիկ և այլն` մենք հասկանում ենք Տարոն Մարգարյան: Սա պետք է հստակ ֆիքսել, և ֆիքսել անընդհատ, անդադար: Չկա առանձին Տարոն Մարգարյան, չկա սուվերեն Տարոն Մարգարյան, Տարոն Մարգարյանը այս համակարգի մի մասնիկն է, մի կարևոր մասնիկը, և նա չի կարող գործել համակարգից դուրս: Տարոն Մարգարյանը ներկայացնում է այս համակարգը, ներկայացնում է ՀՀԿ-ն, ներկայացնում է Սերժ Սարգսյանին, ներկայացնում է Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին, Թոխմախի Մհերին, և ամեն անգամ, երբ պաստառների վրա կարդում ենք Տարոն Մարգարյան, պետք է հիշենք, որ նրա անվան կողքը կան նաև այս անձինք, այդ կուսակցությունը, այդ համակարգը: Պետք է երբեք չմոռանալ, որ Երևանը «տալով» Տարոն Մարգարյանին, մենք մեր մայրաքաղաքը տալիս ենք Նեմեցներին, Սերժիկներին, Լֆիկներին, Միշիկներին, Թոխմախներին, մյուս բոլոր ՀՀԿ-ականներին: Այնպես որ, մայիսի 5-ին ոչ ասելով Տարոն Մարգարյանին` մենք միանգամից ոչ կասենք Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին, Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին, Թոխմախին, բոլոր մյուս հանրապետականներին: Իսկ մնացածը` քարոզչական հնարքներ են, որոնց Երևանի բնակիչները խաբվելու իրավունք չունեն: Հիշենք` մի գավարիմ Տարոն, պադրազումեվայեմ` Սերժ (ՀՀԿ), մի գավարիմ Սերժ (ՀՀԿ)` պադրազումեվայեմ` Տարոն:

Պարգև Ապրեսյան