03.10.2012 15:29

«Բարսելոնան» կորցրեց Պույոլին

Չեմպիոնների լիգայի «Բենֆիկա» - «Բարսելոնա» հանդիպման (0:2) 77-րդ րոպեին կատալոնացիների ավագ Կառլես Պույոլը վնասվածք է ստացել` անհաջող վայրէջք կատարելով արմունկի վրա:

Մարզադաշտից Պույոլին տեղափոխել են Լիսաբոնի հիվանդանոց, այնուհետեւ նա տեղափոխվել է Բարսելոնայի հիվանդանոց, որտեղ անցկացրել է գիշերը: Նախնական տվյալներով, Պույոլի արմունկն է դուրս ընկել եւ նա մոտ 6 շաբաթ չի խաղա:

Սա նշանակում է, որ Պույոլը բաց կթողնի հոկտեմբերի 7-ին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի` «Ռեալի» հետ հանդիպումը;

Այս առթիվ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան նշել է. «Սա մեծ կորուստ է մեր համար: Թիմի կենտրոնական պաշտպանների հետ անընդհատ խնդիրներ են առաջանում: Մենք ստիպված ենք այդ գոտում այլ ոճի խաղացողների օգտագործել»,- Վիլանովայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Ռեալի» հետ խաղում կբացակայի նաեւ «Բարսայի» մեկ այլ կենտրոնական պաշտպան` Խերարդ Պիկեն: Հաղորդվում է, որ այդ գոտում կարող է խաղալ Մարկ Բարտրան: