11.04.2013 17:33

Տարոն, սիրուն չի. Ինչպես չծառայել բանակում, բայց ունենալ ՊՆ եւ ԵԿՄ մեդալներ

Տարոն, սիրուն չի. Ինչպես չծառայել բանակում, բայց ունենալ ՊՆ եւ ԵԿՄ մեդալներ

Ինչպես երեւում է՝ երիտասարդ Հանրապետականների համար նորաձեւ է բանակում չծառայելը, ՀՀԿ-ի հաշվին քաղաքական կարիերա անելն ու ապա ՊՆ-ի կողմից մեդալներ ստանալը: Աշոտյան Արմենը, Ավագյան Կարենն ու մյուսները լավագույն օրինակ: Եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այդ առումով բացառություն չէ: Ահավասիկ՝ քաղաքապետարանի կայքում տեղադրված նրա կենսագրականում որեւէ տող չկա այն մասին, որ Մարգարյանը անցել է պարտադիր զինվորական ծառայություն:

Ըստ այդ կենսագրականի, Մարգարյանը

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում:

1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:

2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:

2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:

2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:

2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2011թ.նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:

2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:

1998-2011 թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:

2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում` վերընտրվել:

2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:

2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ:

Հիմա տեսնենք, թե բանակում չծառայած այս անձնավորությունը, ինչպիսի մեդալների է արժանացել:

Անանիա Շիրակացու մեդալ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգև

Շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ուտեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներ

 ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ

«Գարեգին Նժդեհ» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից:

ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:  ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

 ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ

«Անդրանիկ Օզանյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից: ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:  «Անդրանիկ Օզանյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ

Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ

Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ

 «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ՝

 Այս հուշամեդալի հիմնադիրը «հանրահայտ» Խաչիկ Ասրյանն է՝ իր «Հայոց Արծիվներով»:

ԵԿՄ «Սպարապետ Վազգեն  Սարգսյան» շքանշան

Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՀ ԵԿՄ վարչությունը 2001թ. որոշում ընդունեց «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան հիմնելու մասին: Ահն համարվում է երկրապահի բարձրագույն պարգեւը: «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով պարգեւատրվում են հայրենիքի սահմանների պաշտպանության, բանակաշինության եւ հայոց պետականության կայացման գործում ներդրած անձնական արիության համար: Համաձայն ԵԿՄ վարչության նիստի որոշման, «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը հանձնվում է բացառապես Երկրապահի օրը` մայիսի 8-ին: «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը տրվում է ԵԿՄ վարչության նախագահի հրամանով:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը գործող քաղաքապետն է, իսկ ներկայում նաեւ գլխավորում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախըտնրական ցուցակը, եւ մեզ խոստանում է «Ավելի լավ Երեւան»:

 

Պարգեւ Ապրեսյան