03.10.2012 15:34

Արամ Կարապետյան. Հայաստանի հասարակությունը դեգրադացիա է ապրում

Արամ Կարապետյան. Հայաստանի հասարակությունը դեգրադացիա է ապրում

iLur.am-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

-  2012-ը նախընտրական տարի է: Ինչո՞վ է, Ձեր կարծիքով, այն տարբերվում 2007-ից: Ի՞նչն է փոխվել Հայաստանում վերջին 5 տարվա ընթացքում՝ դեպի դրական և դեպի բացասական:

-  Կա մեծ տարբերություն: Սկսեմ նրանից, որ իրավիճակն ավելի վատթարացել է բոլոր առումներով: 2007-ին մենք ունեինք ավելի շատ բնակչություն, քանի որ միայն վերջին 4-5 տարվա մեջ Հայաստանը լքել է մոտ 180 000 մարդ: Երկրորդ հանգամանքը՝ մարդկանց ոգին բավականաչափ կոտրված է, որը պայմանավորված է 2007 և 2008 թվականների ընտրությունների արդյունքով: Ի դեպ, 2007-ին կամ 2008-ին ձայների այսպիսի համատարած առևտուր չկար, ինչն առկա էր 2012-ին: Սերժ Սարգսյանի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ բյուջեում փող չկա, իրա արած հայտարարությունները միայն PR արշավ չէին, այլ մարդը պարզ ասում էր, որ գնումներից էլ փող մի գողացեք՝ փող չունենք: Այո՛, փող չկա, վարկեր չեն տրամադրում, իսկ կատարողականը շատ վատ վիճակի մեջ է, չեմ տեսնում նաև արդյունաբերական զարգացումներ: Ինչ վերաբերվում է բարոյահոգեբանական մթնոլորտին, ապա այն այսօր Հին Հռոմին մոտիկ է:

Զարմանալին այն է , որ Հայաստանում այժմ զարգանում են հեղափոխական տրամադրությունն ու պատկերացումները, ինչը նման բարոյահոգեբանական մեռած մթնոլորտում հնարավոր չէ իրականցնել: Միակ դրական փոփոխությունն այն է, որ հիմա փողոցում մարդկանց չեն գնդակահարում, ծեծում են, բայց Մարտի մեկի նման փողոցում մարդկանց չեն սպանում, իսկ ցույցերը նման դաժանությամբ չեն ցրում: Շատ կուզենամ տեսնել դրական տեղաշարժ նոր իշխանության գործելաոճում, սակայն չեմ տեսնում փոփոխության շունչ կամ բավականաչափ լուրջ ու կտրուկ փոփոխություններ անելու ցանկություն: 

-  Իսկ ի՞նչն է փոխվել հասարակության գիտակցությունում:

-  Դեգրադացիա բոլոր առումներով: Չնայած այն, որպես կատեգորիա, ինտերնացիոնալ հիմքեր ունի, սակայն մեզ մոտ այն նույնիսկ հայկական արմատներ է գցել: Բնութագրեմ մեր դեգրադացիան այսպես՝ «Начали напирать на патриотизм, видимо наворовали много»: 

Ի՞նչպես եք գնահատում անցած խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները: 

- ՏԻՄ ընտրությունները չեմ կարող գնահատել, քանի որ այդպիսիք գոյություն չունեն: Իսկ ինչ վերաբերում է  խորհրդարանական ընտրություններին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության չմասնակցությունը պայմանավորված է այն համոզմամբ, որ  ընտրությունները ոչ մի բան չեն փոխում: Եթե կուսակցությունները իմիտացիաների են մասնակցում, որոնց արդյունքում ոչ մի բան չի փոխվում, դրա իմաստը ո՞րն է: Քանի որ առաջին մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, սիրում եմ պարադոքսները, որոնք բացատրում են տրամաբանության իսպառ բացակայությունը: Հայաստանում պարադոքս է. մարդիկ լքում են երկիրը, աղքատությունը ավելի է խորանում, աշխատավարձերը չեն բարձրանում, և այդ պարագայում մարդիկ գնում են ու շեշտակի ձայն տալիս իշխանություններին: 

Որքանո՞վ է հայաստանյան ընտրություններում դեր խաղում արտաքին գործոնը:  Ձեր կարծիքով, Ռուսաստանն ու Արևմուտքը ունե՞ն նախընտրելի  նախագահի թեկնածուներ: 

- Չեմ բացառում արտաքին գործոնի առկայությունը, յուրաքանչյուր պետություն էլ գտնվում է որոշակի ազդեցությունների գոտում, մեծ տերությունները՝ չերևացող իշխանության, իսկ փոքր տերություններն էլ, բացի դրանից, գտնվում են նաև գեոքաղաքական ազգային իշխանությունների ազդեցության գոտում:

Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա չգիտեմ՝ ովքեր կլինեն, իմ կարծիքով՝ ոչ Ռուսաստանը, ոչ էր Արևմուտքը հետաքրքված չեն Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով:  Հայաստանը, որպես սուբյեկտ, հետքրքություն չի ներկայացնում, այլ միայն որպես տարածաշրջանային գործընթացների կապավոր, որպես տարածաշրջանի մաս կազմող մարմին: 

Վերջին ելույթներում նշել եք, թե 2013-ի նախագահական ընտրություններին դնելու եք Ձեզ թեկնածությունը: Ինչո՞ւ որոշեցիք  դա անել: Ի՞նչ ծրագրով և ի՞նչ քաղաքական թիմով եք գնալու նախագահական ընտրություններին:

- Եթե գրանցեն, իհարկե կդնեմ: Դեռևս վաղ է խոսել ծրագրի մասին, վստահեցնում եմ, որ այն լինելու է ամենամրցունակը, քանի որ բոլոր կողմերից ազատ եմ, և ինձ վրա չկան ազդեցության լծակներ:

Վստահ եմ, որ միշտ էլ թիմը կարելի է հավաքել, իմ կարծիքով՝ ՀՀ-ում հաղթանակ բերելու համար բոլոր այն ավանդական մեթոդները, որոնք հայտնի են քաղաքագիտությանը, արդեն իսկ իրենց սպառել են: Այդ իսկ պատճառով դժվար կլինի ոչ թե հաղթել իշխանությանը, այլ առհասարակ ինչ-որ բան փոխել, քանի որ ՀՀ-ում այսօր ոչ թե իշխանությանը հաղթելու, այլ իրավիճակը փոխելու խնդիրն է դրված:

Նրան, ում հաջողվեց իրավիճակ փոխել, ոչ փող պետք կլինի, ոչ էլ թիմ, բայց մի բան փոխելու համար իրեն պետք են ներազդեցության մեխանիզմներ: Ըստ իս՝ կարելի է ունենալ շատ լավ թիմ, հրաշալի կառույց, ինչպես նաև մեծ աջակցություն, ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պոտրոսյանը ուներ, բայց չհաղթել: Պարադոքս է. կարող ես ունենալ ամեն ինչ և չհաղթել, կամ՝ չունենալով ոչինչ, բայց հայտնվելով ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում՝ հաղթել: Հավատացնում եմ, ինձ շատ քիչ են հետաքրքում 2013-ի նախագահական ընտրությունները, մինչ այդ պետք է տեսնել ինչ վիճակ է և վերոնշյալ խնդիրների մասին խոսել: 

Ժամանակին Դուք ասել էիք, որ ունեք ինչ-ինչ բացահայտող նյութեր բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Այսօր նման հայտարարություն է տարածել Գառնիկ Իսագուլյանը՝ մատնացույց անելով ինչ-որ «Մհերի դուռ» գաղտնի կազմակերպության : Ի՞նչ է դա՝ Ձեր կարծիքով:

- Ես տպավարություն ունեմ, որ բոլոր նրանք, ում պիտի բացահայտել, արդեն իսկ բացահայտված են: Եթե նկատել եք՝ 2007 թվականին ում մասին բացահայտումներ եմ արել, բացի Սերժ Սարգսյանից, այսօր պաշտոնյա չէ: Ճիշտ է, լավ ճանաչում եմ Գառնիկ Իսագուլյանին, սակայն անիմաստ եմ համարում նման մեխանիզմների կիրառումը, քանի որ դա էլ է համարվում ավանդական մեթոդ:

Սակայն Իսագուլյանի հայտարարությունը հատկանշական է նրանով, որ հրապարակումները վերաբերում են ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև ԼՂՀ-ին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ւսագուլյանը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել, նրա խոսքերը համարում եմ գեոքաղաքական շանտաժ, ոչ թե ներքաղաքական,  քանի որ ներքաղաքական շանտաժի ենթարկելու մարդ չկա:

Ինչ վերաբերում է «Մհերի դուռ» գաղտնի կազմակերպությանը, ապա իմ համոզմամբ՝ Հայաստանում գաղտնի կառույցները պետք է որևէ այլ մեծ կառույցի մաս կազմեն: Եթե նկատել եք, աշխարհում գաղտնի կառույցները բրգաձև կառավարման համակարգ ունեն, իսկ եթե չկա փոխկապակցված գործունեություն, ապա գաղտնի կազմակերպությունը դառնում է որսորդների միություն:

Դրա համար վստահ եմ, որ գեոքաղաքական շանտաժ է, իսկ շանտաժ անողը գաղտնի իշխանությունն է: Հետաքրքիր մի բան ասեմ. չգիտեմ որքան են փոխկապակցված  այդ իրադարձությունները, բայց Իսագուլյանի հայտարարությունից հետո Վարդան Այվազյանի նկատմամբ անհասկանալի գումարի պահանջ դրվեց: Եթե, օրինակ, դա լիներ 100 հազար դոլար գումար, ապա, հասկանալի կլիներ, իսկ 37,5 մլն դոլարով ողջ քաղաքական էլիտային են վախեցնում: Եթե նույնիսկ համարեք, որ ինչ-որ մեկը այդքան գումարը թալանել է, ապա դժվար թե դա աներ միայնակ, քանի որ ՀՀ-ում 37,5 մլն դոլարը չէին թողնի միայնակ մարդը տուն տաներ: Ամեն ինչ փոխկապելով իրար՝ ստացվում է, որ ՀՀ իշխանություններին ասում են՝ «ճահճի մեջ նստած եք, տեղներդ նստեք, էլի, փող է, ավլում եք, ինչ եք էս կողմ- էն կողմ տանում, ճահճի գարշահոտությունը բարձրացնում, մենք էլ խնդիրներ ենք ունենում…»: 

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Սիրիայի ճգնաժամին հետևելու է Իրանի հետ պատերազմը: Որքանո՞վ է դա հնարավոր, և ի՞նչ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար:

- Բաշար ալ-Ասադի հարցը շուտով կլուծեն, ես դրանում կասկած չունեմ: Աշխարհը իսլամի հետ կսկսի ճշտել իր հարաբերությունները, թիրախում է Իրանը: Նպատակ կա կամ մասնատել երկիրը, կամ դարձնել այն արևմտյան կողմնորոշմամբ: Իսկ այդ պարագայում Հայաստանը կհայտնվի շատ լուրջ բախման կիզակետում, Ադրբեջանը՝ մի կողմից, Թուրքիան՝ մյուս: Իրանում լարված իրավիճակի պարագայում Թուրքիան քայլ կանի Նախիջևան մտնելու, քանի որ չի կարող այն զիջել իրանական բանակին: Այս խնդիրներով ավելի եմ մտահոգված, քան հայ-ռուսական կամ հայ-արևմտյան հարաբերություններով: Նման սցենարի դեպքում պետք է հասկանալ , թե ով է մեզ աջակցելու, քանի որ Հայաստանը իր ուժերով չի կարող պայքարել արտաքին գործոնների դեմ: Առայժմ, որպես գործընկեր, տեսնում եմ միայն Ռուսաստանին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները բաժանում եմ երկու մասի՝ առաջինը՝ ռազմական, երկրորդը՝ տնտեսական ու քաղաքական: Առաջինը որոշակի ընթացք ունի, իսկ երկրորդը պարզապես բացակայում է, քանի որ հարաբերությունների արդյունքում երկու երկրները պետք է ուժեղանան, իսկ տնտեսապես ու քաղաքականապես ոչ մենք են ուժեղացել, ոչ էլ Ռուսաստանը: 

Ղարաբաղյան հարց: Ի՞նչ վիճակում են այսօր բանակցային գործընթացը և դրա հեռանկարները:

- Ամենահավանականը հիմա հայ-ադրբեջանական պատերազմն է, իսկ հավանական ժամկետը կախված է Իրանից. չի լինի իրանական թնջուկը՝ չի լինի պատերազմը, և ամեն ինչ կմնա ստատու քվոյի կարգավիճակում ու ոչ մի լուծում չի ստանա: 

Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում հայ-ադրբեջանական պատերազմի ելքը: 

- Երկու կողմի համար էլ վատ ելք կունենա՝ չհաշված կորուստների քանակը: Կարծում եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը ամեն ինչ պիտի անեն խուսափելու համար պատերազմից: Սակայն, եթե Հայաստանին դա հաջողվում է՝ հաշվի առնելով հաղթած երկիր լինելը, ապա Ադրբեջանի քաղաքական էլիտան՝ Ալիևի կլանը, հրահրում է պատերազմ, քանի որ գտնվում է շատ վատ դրության մեջ: Ադրբեջանական չորս խմբավորում լուրջ բզկտում են իրար, դրան էլ գումարվում է Ադրբեջանի հարավի ու արևմուտքի իսլամացումը: Ալիևը ստիպված է շաբաթական երկուսից երեք անգամ լինել այդ շրջաններում՝ վերահսկելու համար այդ գործընթացները: Իսկ չերևացող իշխանության ծրագրած «Սաֆարովի օպերացիան» միտված էր բարձրացնելու Ադրբեջանում Ալիևի կլանի հեղինակությունը և պատերազմ հրահրել: Այժմ «չերևացող իշխանությունը» պետք է ձեռնարկի այլ օպերացիաներ: Ցավոք, երբ աշխարհը հայտնվում է քաոսի մեջ, հայերը հայտնվում են անհարմար իրավիճակում ու կորուստներ կրում: Հարցն այն է, որ հայկական ֆակտորը օգտագործելի չէ, բոլորը ցանկանում են այդ քաոսի պարագայում օգտագործել միայն հայկական տարածքը:

Հայաստանի պայծառ ապագա՝ ինչպե՞ս եք այն տեսնում: 

- Տեսնում եմ նոր որակի ի հայտ գալը: Հայկական պատմության մեջ նոր որակներն ի հայտ են եկել՝ Տիգրան Մեծ կամ Ալեքսանդր Մյասնիկյան: Որակը էներգիա է, այն կրողները պետք է գան: Որպես օրինակ, եթե  այդ որակը քարոզվի, ապա էլիտայում որոշ մակարդակում կդադարեն ռաբիս լսել: Մնում է գտնել այդ որակը:

 

Զրույցը վարեց Լիլիթ Լալայանը