13.04.2013 14:34

Ա. Մանուկյան. Կոնգրեսը պատրաստ է ստանձնելու Հայաստանի ճակատգրի պատասխանատվությունը:

Ա. Մանուկյան. Կոնգրեսը պատրաստ է  ստանձնելու Հայաստանի ճակատգրի պատասխանատվությունը:

«Այս օրը, 2013 թվականի ապրիլի 13-ը մի նոր հանգրվան է, կարելի ասել՝ հենց  1988 թվականին սկսած համաժողովրդական շարժման», - Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած իր ելույթում հայտարարեց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով համագումարին ներկա են և 88-ին, և 2003-ին, 2008-ին Հայաստանի անկախության, պետականության ամրապնդման, Արցախի ինքնորոշման, Սահմանադրական կարգի վերահաստատման, պարզապես քաղաքացիների իրավունքների համար հրապարակ դուրս եկած, պայքարում չընկրկած, քաղաքական հստակ դիրքորոշում և կենսագրություն ունեցող գործիչներ:

«Մենք կրողն ենք արժեքային այն համակարգի, որը մեզ անկախություն բերեց: Մենք ժառանգորդն ենք մեր անցած ուղու:

Եվ միաժամանակ, այսօր մի նոր սկիզբ է դրվում, որը, խարսխված լինելով համաժողովրդական շարժման վրա, չի վարանում արձանագրել, որ 2008թ. Շարժման նախկին ձևաչափը, իր անուրանալի գործն անելով, նոր իրավիճակում հասցրել է ավելի կուռ և արդյունավետ գործունեություն ծավալելու հանգրվանի, այն է՝ համախմբել ողջ պոտենցիալը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության մեջ: Վստահ եմ, որ նորաստեղծ կուսակցությունը, իր քաղաքական գործընկերների հետ միասին, վերստին կստանձնի Հայաստանում քաղաքական օրակարգ թելադրողի դերը: Այսօր դահլիճում է եւ շարժմանը նոր լիցք ու ներուժ է բերում նոր սերունդը: Մեզ ոգևորում և լավատեսություն է ներշնչում քաղաքականապես կայացած երիտասարդության վստահաքայլ մուտքը  ակտիվ քաղաքական պայքարի ասպարեզ», - ասաց պարոն Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա փետրվարի 23-ին ՀՀՇ-ն արտահերթ համագումարով միացավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը: Նախաձեռնող խմբի առաջարկով եւ համագումարի որոշումով կատարվեց կանոնադրական փոփոխություն, այն է՝ ՀՀՇ-ն վերանվանել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության: Կանոնադրական սույն փոփոխությունը մարտի 13-ին հաստատվեց Արդարադատության նախարարության կողմից:

«Արդյունքում, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունում միավորվեցին Հայաստանի քաղաքական դաշտում գործող ծանրակշիռ քաղաքական միավորներ և Կոնգրեսի անկուսակցական մի ստվար զանգված՝ հայտնի և հասարակության կողմից ընդունված քաղաքական գործիչներ, շարժման ակտիվիստներ: Մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում քաղաքական հետապնդումերի, զրկանքների զոհ են դարձել, և այդուհանդերձ չեն ընկրկել, շարունակում են իրենց պայքարը հանուն Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման: Այս պահին, կուսակցության գրանցումից հետո, մեկ ամսվա ընթացքում, նոր անդամագրավածների թիվը հասնում է 1813 մարդու:  Տեղեկացնեմ համագումարին, որ դիմումների հոսքը նույն արագությամբ շարունակվում է։ Սա ընդլայնված և նոր կուսակցություն ստեղծելու համարձակ գաղափարի արդարացի, ճշմարիտ և հաշվարկված լինելու ապացույցն է: Այսօր Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը այլևս կայացած փաստ է», - հայտարարեց Արամ Մանուկյանը:

Շարունակելով, նա նշեց, որ նորաստեղծ կուսակցությունն ավելին է, քան օրենսդրության մեջ կուսակցության բնորոշումը կամ սահմանումը: Այն ավելի ընդարձակ միություն է, ավելի շատ իրավունքներով և ազատ կապով քաղաքացիների, շարժման ակտիվիստների և համակիրների հետ:

«Եվ գուցե նաեւ դա է կուսակցության մեջ մտել ցանկացողների ոգեւորության պատճառը։ Կուսակցություն են մտել մարդիկ, որոնք անձնական ամբիցիաներից վեր են կանգնած, գերադասում են պետական շահը, շարժման նպատակները: Կառույց են մտել մարդիկ, որոնք սկզբունքային են, ըմբոստ, կայացած քաղաքական գործիչներ են, որդեգրված քաղաքական ուղեգծին և գործընթացներին համոզված մարտիկներ են:

Շուրջ քառասուն տարածքային կառույցներում անցկացրած ժողովները ցույց տվեցին, որ դրական է գնահատվում նախաձեռնությունը: Քննարկումներ են եղել կուսակցության ծրագրի և կանոնադրության հետ կապված: Բազմաթիվ առաջարկություններ են ստացվել: Շատերին է ոգեւորում որոշումների կայացմանը մասնակից լինելու կամ ազդելու հնարավորությունը։

Մեր որդեգրած քաղաքականությունը,  ներքին կազմակերպչական գործընթացները արժանացել են տարածքային բոլոր կառույցների հավանությանը: Բոլորը ոգևորությամբ են ընդունել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նորաստեղծ կուսակցությունը ղեկավարելու պատրաստակամությունը: Լիովին վստահ եմ, որ համագումարը, կանոնադրությունը հաստատելուց հետո, կիրականացնի տարածքային կառույցների այս ցանկությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրել եւ ընտրել կուսակցության նախագահի պաշտոնում», - ասաց Արամ Մանուկյանը:

Խոսելով Երեւանի ավագանու գալիք ընտրությունների մասին, Արամ Մանուկյանը նշեց, որ սա առաջին քաղաքական միջոցառումն է, որին Կոնգրեսը մասնակցելու է նոր ձևաչափով, նորաստեղծ կուսակցությամբ:

«Վստահ եմ, որ մեր ունեցած հնարավորությունները, կազմակերպչական, հասարակական աջակցության և թե ընտրությունները վերահսկելու առումով, բավարար են այս ընտրություններում Երևանը ռեժիմի ճիրաններից ազատագրելու համար: Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունն այսօր պատրաստ է  բոլոր անհրաժեշտ գործոնների համատեղման պայմաններում ստանձնելու Հայաստանի ճակատագրի ու Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման պատասխանատվությունը», - եզրափակեց Արամ Մանուկյանը: